Արցախում կբեմադրվի «Արցախի հարսանիք» ներկայացումը
Մայիսի 8-ին Շուշիի ազատագրման 20-ամյակի առիթով կբեմադրվի «Արցախի հարսանիք»-ը ներկայացումը:
Ներկայացման բեմադրիչը «Կարին» ազգագրական պարային համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանն է, ով այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ սցենարի հեղինակը Ալեքսանդր Մանասյանն է:
«Կարին» պարային համույթը հանդես կգա և՛ երգով, և՛ պարով, սակայն պարային հիմնական մասը ապահովելու է Արցախի Հանրապետության՝ «Մենք ենք մեր սարերը» պետական ազգագրական խումբը:
Ժամ ու կես տևող բեմադրության ընթացքում կներկայացվի ամբողջ հարսանիքի ընթացքը՝ սկսած խնամախոսությունից մինչև հարսանեկան խնջույքը:
«Բեմադրության մեջ ներկայացվում է, թե ինչպես են աղջկա տուն խնամախոսության գնում, հետո հարսին պետք է դուրս հանեն, տանեն եկեղեցի, տղայի տուն, որից հետո տեղի կունենա հարսանեկան խնջույքը»,-ասաց ներկայացման բեմադրիչ Գագիկ Գինոսյանը:
Նա նշեց, որ հարսանիքն ամբողջությամբ ներկայացնելու է արցախյան հին ավանդույթները և ժամանակակից ոչ մի էլեմենտ իր մեջ չի ներառելու:
«Արցախյան ավանդական հարսանիք է ու պետք է ամբողջությամբ ներկայացվի արցախյան կոլորիտը, բարբառը, պետք է ներկայացվի իրական Արցախը»,- ընդգծեց Գագիկ Գինոսյանը:
Արցախյան ճշգրիտ միջավայրը ներկայացնելու համար, Գինոսյանի խոսքով, տեղում նաև ժինգյալով հաց է թխվելու, իսկ բեմադրությունը լինելու է Շուշիի ամրոցի տարածքում:










