Չի կարող վատ լինել այնտեղ, որտեղ գեղեցիկ է. ռուս ներդրող

19:05 • 09.05.12

Հայաստանում բիզնեսի առանձնահատկությունների մասին Tert.am-ը զրուցել է Հայաստանում ռուս ներդրող, QIWI ընկերության սեփականատերերից և Հայաստանի բարեկամներից մեկի` Ալեքսեյ Կորեպանովի հետ:

Ռուսաստանին զուգահեռ QIWI-ն աշխատում է ևս 19 երկրների շուկաներում` ներառյալ Ուկրաինան, Ղազախստանը, Մոլդովան, Բելառուսը, Տաջիկստանը, Ռումինիան, Չինաստանը, Պանաման, Մալայզիան, Արգենտինան, Հնդկաստանը, Ղրղըզստանը, Սերբիան, Լատվիան և Արաբական էմիրությունները: Հայտնի է, որ Qiwi –ն հնարավորություններ է փնտրում Եվրոպայի և ԱՄՆ-ի շուկան դուրս գալու համար: Դուք նաև նախատեսում եք ընդլայնել ընկերության գործունեությունը Հայաստանում: Ինչո՞վ է ձեզ գրավում և որքանո՞վ է հեռանկարային հայկական շուկան:

Հայաստանում ինձ գրավեց այն, թե որքան արագ են գրանցում այստեղ ընկերությունները: Ես ուղղակի ծախսեցի 7—ից 15 րոպե գրանցելու համար, ընդհանուր դա տևեց 4 օր: Եվ դա չափազանց էժան էր: Երկրի համար դա շատ կարևոր է: Ներդրողները գալսի են, վճարում գումարներ, ցանկանում են ստեղծել ընկերություններ: Այստեղ կան հետաքրքրություններ և պետությունը դա հասկանում է: Պետությունը ծախսում է գումարներ, որպեսզի մարդկանց համար լավ լինի:

 

Ինչպիսի՞ բիզնես ծրագրեր եք նախատեսում իրագործել այստեղ:

Ես ունեմ մի քանի բիզնես նախագծեր` կապված շինարարության, շինարարական տեխնիկայի, ինչպես նաև բնապահպանական նախագծեր` կապված գյուղատնտեսության հետ: Ես նշեցի միայն այն նախագծերը, որոնց համար արդեն ներդրումներ եմ կատարել:

Ինչո՞վ է նպաստում հայկական կողմը` ձեր ծրագրերի իրագործմանը: Ինչպիսի՞ պայմաններ է ստեղծում, ձեր բիզնես-նախագծերի իրականացման համար:

Շատ դժվար է, բայց ես գիտակցում եմ բոլոր դժվարությունները: Օրինակ` շինարարական նախագծերի համար ես ներդրել եմ մոտ 5 մլն դոլար, սակայն շատ խնդիրներ ունեմ: Օրինակ ես դեռ ծրագիրը չիրագործած, ոչ մի դրամ չաշխատած գումարներ եմ վճարել եմ բոլոր հիմնադրամներին, ներառյալ բարեգործական, ինչպես նաև հարկերը, մոտ 150.000 դոլար: Ամեն դեպքում, ես Հայաստանին լավ եմ վերաբերվում, և հասկանում եմ, որ չնայած դժվարություններին, դրանք իրագործվելու են:Չնայած այն հանգամանքներին, որ այստեղ ես ունեմ խնդիրներ, դրանից հետո ես գումարներ եմ ներդրել կապված շինարարական տեխնիկայի, գյուղմթերքների արտադրության ոլորտներում: Եվ այստեղ ես գոհ եմ:

Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանը բարենպա՞ստ է ձեր բիզնես-ծրագրերի իրագործման համար:
 

Իմ կարծիքով, այն շատ բարեկամական չէ: Երբ ես եկա ես ասեցի. «պետք է վճարենք բոլոր հարկերը»: Ես այնպիսի դիրքորոշում ունեի, որ ընդունում եմ խաղի բոլոր կանոնները, բայց ոչ նրանք, որոնք «հարց լուծող» մարդիկ են առաջարկել, այլ նրանք, որոնք ամրագրված են օրենքով: Բայց այստեղ եթե ներդրվելու են մեծ գումարներ, ապա պետք է անպայման աշխատես ինչ-որ մեկի հետ: Բայց ես չեմ ուզում այդպես աշխատել: Դրանք իմ փողերն են և ես արդար ճանապարհով եմ դրանք վաստակել: Ես այստեղ վճարում եմ հարկերը և չեմ ցանկանում որևէ մեկի հետ կիսվել: Երեխաներին ես հաճույքով կտամ, և արել եմ դա` բարեգործությամբ, որովհետև նրանք երեխաներ են, բայց ինչո՞ւ ես պետք է վճարեմ ինչ-որ մեկին: Ես կատարում եմ ձեր օրենքները, որոնք սահմանել եք ինձ համար: Եթե ժամանակին թույլ չտայիք, ես չէի գա:
 

Եթե դու ունես մեծ ծրագիր, ապա անմիջապես հայտնվում են միջնորդներ, ովքեր ասում են` դու չգիտես ինչպես բիզնեսով զբաղվես Հայաստանում, դու ամեն ինչ սխալ ես արել, դու չգիտես նախագահի եղբորը, դու չգիտես այս, այն: Ես չեմ ուզում իմանալ, ես գիտեմ օրենքը, ես ունեմ հրաշալի փաստաբան, լավ ընկերություն, որը զբաղվում է հաշվապահական հարցերով, նրանց հետ պաշտոնապես համաձայնագիր է կնքված և ես ցանկանում եմ աշխատել այնպես, ինչպես օրենքով է սահմանված: Դժվար է, սակայն չեմ հուսահատվում: Ուղղակի ափսոս է, որ ժամանակ եմ կորցնում: Այդ ընթացքում ես կարող էի իրականացնել ծրագրերս, ստեղծել աշխատատեղեր, մեծացնել վճարածս հարկերի քանակը: Կարող էի նոր գործընկեր-ներդրողներ կանչել Հայաստան: Սակայն հիմա իրականությունն այն է, որ ես չեմ օգտագործում իմ ողջ կարողությունները: Այդ նախագծերը հնարավոր չէ կյանքի կոչել առանց պետական աջակցության, այսինքն օրենսդրական փոփոխությունների: Եթե քաղաքական որոշում լինի, կնշանակի, որ շուտով ես այստեղ ինձ լավ կզգամ, բայց երբ, դեռևս հայտնի չէ: Այսինքն ես տեսնում եմ նախանշաններ, որ կառավարությունը ցանկանում է դառնալ ավելի բաց, Դա շատ կարևոր է:

Կոշտ մրցակցություն կա՞ հայկական շուկայում:

Նախ, մրցակցությունը խթանում է: Մրցակցությունը անհրաժեշտություն է, որպեսզի մարդիկ ապրեն` բառիս բուն և փոխաբերական իմաստներով
 

Չնայած հանգամանքին, որ իմ հետ այստեղ շատ խնդիրներ են առաջացել, Անցյալ տարի, շինարարական նախագծում ներդրել եմ 300.000 դոլար:
 

Կարևոր է, երբ ոչ թե ղեկավարներն են ասում, որ մեր պետությունը հզոր է, այլ մարդիկ. այդ դեպքում երկիրն իրոք հզոր է դառնում: Պետք չէ հանձնվել ճակատագրին: Կարևոր է, որ մարդիկ կարողանան ժպտալ, շարունակել սիրել և նկատել այն դրական պահերը, որոնք տեղի են ունենում պետության կյանքում` զարգացման ճանապարհին:
 

Մարդիկ ամեն տեղ էլ տարբեր են: Երբ ասում են, որ Հայաստանում վատ է, ապա հետընթաց է արձանագրվում: Իսկ նրանք տեսել են ինչպես են ծաղկում ծիրանենիները, տեսել են Արարատը դեկտեմբերին, երբ երկինքը պայծառ է… չի կարող վատ լինել այնտեղ, որտեղ կա գեղեցիկը: