Մեր պապե~ր, Շուշին ազատագրված է… հանգստացե~ք. «Դուշման» Վարդանը այսպես է նշել Շուշիի ազատագրումը

18:02 • 09.05.12

Երբ արդեն սկսել էր ազգային շարժումը և Արցախի ճակատագիրն էր որոշվում, Արագածում ծնված Վարդան Ստեփանյանը, ով հետագայում ադրբեջանցիների կողմից ստացավ «Դուշման» մականունը, ընկերների հետ նստած հայտարարում է, որ «առաջինը մտնելու եմ Շուշի ու Լաչինով տում եմ գալու»։

 

Tert.am-ի հետ զրույցում պատմում է Արցախյան ազատամարտի լեգենդար հերոս «Դուշման» Վարդանի մայրը՝ Զարուհի Ստեփանյանը և ավելացնում, որ այդ օրը ընկերները ծիծաղել են նրա վրա, ասելով.«Դու կանտուզիա ես ստացել ու երազում ես: Տես, թե ինչ գեղեցիկ աղջիկներ են քեզ նայում, նրանցով զբաղվիր, քեզ վերջը տանելու ենք գժանոց, բուժման»,-պատմում է մայրը:


Տիկին Զարուհին հպարտանում է . «Ասաց և արեց. Վարդանն առաջիններից էր, որ մտավ Շուշի Ասկոլկայի՝ Բեկոր Աշոտի հետ՝ կողք-կողքի: Ասում են, Շուշին ազատագրելուց հետո, Վարդանը «բետեէռ» է նստում ու բանտի դուռը ջարդելուց և հայ գերիներին ազատելուց հետո, Շուշիի եկեղեցու մեջ շրջելուց ու բոլոր քարերը համբուրելուց հետո, մի պահ տեսնում են, որ նա չկա: Մտածում են՝ դարանակալած թուրք կա, ու մի բան է պատահել: Բայց Վարդանին գտնում են հայկական գերեզմանոցում. բարձր գոռալով, կաթիլ- կաթիլ գինու շշից կաթեցնում է նահատակների շիրիմներին ու բարձր գոռում. «Մեր պապե՜ր, Շուշին ազատագրված է… հանգստացե՜ք»:

 

Զարուհի Ստեփանյանը բացատրում է, որ ադրբեջանցիները Վարդանին Դուշման են կոչել, ապա գլխագին սահմանել՝ տարածքների ազատագրման և զենքներ մատակարելու համար:

 

Մայրը պատմում է, որ մինչ արցախյան պատերազմը, Վարդան Ստեփանյանը 20 տարեկան հասակում, երբ պետք է գնար խորհրդային բանակ, կամավոր դիմում է գրում և խնդրում, որ իրեն ուղղարկեն Աֆղանստանի պատերազմին մասնակցելու: «Նա անընդհատ կրկնում էր, որ ազգս դարավոր թշնամի ունի, բայց զինվոր չունի, գնում է շինարար, կամ հնեաբան դառնում: 1984-ին գնաց Աֆղանստան, օտարի հողից, 1986-ին, շքանշաններով վերադարձավ, իրավաբանականի ուսանող էր»,- ներկայացնում էր մայրը:

 

Զարուհի Ստեփանյանը ափսոսում է, որ տղան գոնե չհասցրեց իր հետևից սերունդ թողնել: «Մի տեսակ սիրտս վկայում էր, ասում էի, ամուսնացիր: Գոնե մի երեխա ունենար, ասում էր՝ «մամա որբանոցները լիքը երեխաներ են՝ մի երեխա որդեգրիր»:

 

Խոսելով, ազատագրումից 20 տարի հետո Շուշիի ներկայիս վիճակի մասին, Զարուհի Ստեփանյանը նկատում է, որ որդու անունով այնտեղ փողոց կա, որը շարունակում է անմխիթար վիճակում մնալ: «Իհարկե, դա ցավալի է: Բոլոր տարիներին հայոց հողը կիսաքաղց հային է պատկանել, այսօր էլ հայոց հողը պահում են նույն կիսաքաղց հայերը, հուսանք, որ վիճակը կփոխվի, որ մեր երիտասարդությունը կգիտակցի, թե ի~նչ գնով են ազատագրվել այդ հողերը»,-ասաց նա:

 

Զարուհի Ստեփանյանը հիշեցնում է, որ մայիսի 9-ը միայն իրենց տոնը չէ, այլ համայն հայության: «Մենք դեռ նորանոր հաղթանակներ ենք ունենալու»,- եզրափակեց հերոսի մայրը: