Շատ բորբոքված եմ այս պետության վրա, կարող է չգնամ կռվի. ազատամարտիկի հարազատ

18:35 • 09.05.12

Ազատամարտիկ Վալերի Չիչյանի եղբոր տղան`Ռազմիկ Չիչյանը, կարծում է, որ ազատամարտիկները պետության կողմից չեն գնահատվում և ուշադրության չեն արժանանում և այնքան ս է երկրի ղեկավարության հանդեպ, որ հնարավոր է՝ անգամ պատերազմի դեպքում, ոչ թե գնա մարտի դաշտ, այլ հեռանա երկրից։


«Շատ բորբոքված եմ այս պետության հանդեպ: Կարող է չգնամ, կարող է գնամ կարող է հենց ընտանիքիս վերցնեմ ու գնամ, չգիտեմ»,- այսօր Եռաբլուրում Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:


Հորեղբոր մարտական ընկերներից, սակայն Ռազմիկը գոհ է: Նրանցից են եղել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Արկադի Տեր-Թադևոսյանը:


«Իր ընկերներից շատ գոհ եմ՝ Սեյրան Օհանյանից, Կոմանդոսից: Պետության մասին չէի ասի, բայց իր մարտական ընկերները բոլորը մինչ այսօր կապ ունեն, հետևում են իր ընտանիքին, երեխաներին»,- նշեց նա:


Վալերի Չիչյանը Ռազմիկի խոսքով չխոսկան մարդ էր, ավելի շատ սիրում էր գործել: «Գործի մարդ էր, իր արարքներից չէր սիրում պատմել, իր մահից հետո ենք իմացել շատ բաների մասին, իր ընկերներից ենք իմացել»,– պատմում է նա:
Շուշիի ազատագրման ուղղություններից մեկը Ռազմիկը նշեց, որ Վալերին է ղեկավարել: Ըստ Վալերիի՝ իր հորեղբայրը, չի զոհվել Շուշիի ազատագրման ժամանակ: 1995 թվականին 39 տարեկան հասակում Սևանի ճանապարհին ավտովթարի հետևանքով է մահացել։


Թե ի՞նչ է սովորել հորեղբորից, Ռազմիկը դժվարանում էր պատասխանել , սակայն վստահորեն նշում, որ հորեղբայրը դեմ էր, որ Ռազմիկն իր ճանապարհով գնա:


Ամուսնու`ազատամարտիկ Արիս Բաբայանի շիրիմի մոտ այսօր միայնակ էր եկել Ժենյա Մարտիրոսյանը: Իր երեք երեխաները` 2 աղջիկները և մեկ տղան, ինչպես ինքն ասաց, մեկնել են երկրից՝ աշխատանք չունենալու պատճառով:
«Երեք զավակներ ունեմ` 2 տղա, մի աղջիկ, բոլորն էլ ավարտած, բայց էստեղ չեն, դրսում են, աշխատանք չտվին, գնացին»,- ասաց Ժենյա Մարտիրոսյանը: Սակայն հոր մահվան` 20-րդ տարելիցին` հունիսի 21-ին, տիկնոջ խոսքով, զավակներն անպայման գալու են։


Ազատամարտիկի այրին, հազիվ զսպելով արցունքները պատմում էր, որ չէր ուզում, որ ամուսինը գնա կռվի: «Ասում էինք արդեն 52 տարեկան ես, ինչ կարիք կա, որ գնում ես, ասում էր, չէ` ես իմ Հայաստանը պիտի պաշտպանեմ: Մի անգամ ասեցի, «մի՛ գնա», ասում է, «բա ուզու՞մ ես երեխեքդ գնան»»,- հիշեց Ժենյա Մարտիրոսյանը:
Բաբայանը մասնակցել է Շուշիի ազատագրմանը, հաղթանակից հետո եկել տուն, ապա 4 օր անց գնացել Մարտակերտ ու զոհվել:


«Շուշին գրավեցին, եկան, ընդամենը 4 օրվա եկած էր, գնաց Մարտակերտ զոհվեց»,-ասում է Ժենյան ու ավելացնում, որ ամուսինը նվիրված է եղել ինչպես ընտանիքն, այնպես էլ ընկերներին ու հայրենիքին։
«Ընկերներն էլ են պատմում, որ շատ նվիրված տղամարդ է եղել, իրենց վեշերը ինքն էր վերցնում տանում: Նվիրված մարդ էր, թե երեխաներին, թե ընտանիքին»,- ասաց նա: