Շուշիի ազատագրմամբ չարը խափանվեց, մի հատ նոր չար ա եկել, շուտով դա էլ կխափանվի. Հրանտ Բագրատյան

15:56 • 09.05.12

Այսօր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ կուսակցությունների առաջնորդները Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին Հաղթանակի զբոսայգում՝ անմար կրակի շուրջ:


ՀԱԿ անդամ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը Tert.am-ի հետ զրույցում շնորհավորեց բոլոր վետերաններին և նշեց, որ Հայրենական մեծ պատերազմը հաղթանակ էր ֆաշիզմի հանդեպ:


«Գերմանացի ֆաշիստներին հաղթեցինք, բռնապետությանը հաղթեցինք, Հայաստանում էլ մի օր կհաղթենք բռնապետությանը»,- ասաց նա:

 

Հարցին, թե ինչ նշանակություն ունի հայ ժողովրդի համար, հատկապես, Շուշիի ազատագրումը, նա պատասխանեց. «Չարը խափանվեց, մի հատ նոր չար ա եկել, շուտով դա էլ կխափանվի»:

 

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ «Հայ ազգային կոնգրես» դաշինքը խորհրդարանում կոալիցիա կազմի Հանրապետական կուսակցության հետ, Բագրատյանը պատասխանեց. «Ինչ-որ մեկին պետք է էնտեղ գտնենք, համոզենք, որ կոալիցիա կազմենք, տեսնենք ո՞ր դեպուտատի հետ կարանք կոալիցիա կազմենք»:

 

ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին Բագրատյանը չցանկացավ պատասխանել:

 

Նշենք նաև, որ ՀԱԿ անդամներից գրեթե ոչ մեկն այսօր չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով, թե հոգնած են: