Հայոց արծիվները զորամասում նշում են մայիսյան եռատոնը
Այսօր՝ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը տոնական միջոցառումներ էր կազմակերպել ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսում:
«Հայոց պատմության մեջ ոսկե տառերով է ամրագրված մայիսյան հաղթանակները և ինչպես միշտ, այսօր ևս «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ կազմակերպում է միջոցառում նվիրված մեր եռատոնին: Նման միջոցառումների նպատակը այն է, որ բանակ-հասարակություն կապը ամրապնդվի էլ ավելի: Հայ զինվորը պետք է միշտ լինի հայրենասեր, ունենա հայրենաասիրական մտածելակերպ»,- ասաց Խաչիկ Ասրյանը:
Նա նաև, որ այս ամենը կազմակերպվում է, որպեսզի հայ մարդը հասկանա թե ինչ բան է հայրենիքը, հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակը:
«Հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը, և հաշվի առնելով հորինված ադրբեջանական ցեղն ու նրա ղեկավարների կողմից անընդհատ հնչեցվող ռազմատենչ հայտարարությունները, մենք պետք է միշտ ու անընդհատ ամրապնդենք մեր բանակի մարտունակությունը»,- ասաց Խաչիկ Ասրյանը:
«Հայոց արծիվներ» հայրենասիրական կազմակերպությունը այսօր մի շարք նվերներ հանձնեց 5-րդ բանակային կորպուսի հրամանատարական և զինվորական անձնակազմին:
Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը զինծառայողների հետ միջոցառմանը եկել էր զինվորական համազգեստով և կրծքանշաններով: Հարցին, թե հնարավոր է, որ նա ուժային կառույցում ղեկավար պաշտոն ստանձնի, Խաչիկ Ասրյանն ասաց. «Ամեն ինչ ՀՀ նախագահն է, որոշում, ինչպես որ որոշի ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը, այնպես էլ կկատարվի»:
«Ես պետք է նշեմ նաև, որ ես ինքս պահեստազորի փոխգնդապետ եմ, և առաջին անգամը չէ , որ համազգեստ եմ հագնում, ես գրեթե բոլոր զորամասերում հանդիպում եմ իմ մարտական ընկերներին, որոնց հետ մարտնչել եմ գոյապայքարի տարիներին»,-ասաց Խաչիկ Ասրյանը:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է Շուշիի ազատագրման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի կազմավորման 20 ամյակը, ինչպես նաև հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 67-րդ ամյակը:









