Սամվել Նիկոյանն ասում է՝ գաղափարական կոալիցիային է կողմ, սակայն դեռ ոչինչ չի կարող ասել

15:51 • 09.05.12

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը կարծում է, որ բոլոր դեպքերում խորհրդարան անցած ուժերը՝ թե՛ ընդդիմությունը և թե՛ իշխանությունը կոալիցիա կազմելիս, պետք է հաշվի առնեն գաղափարական գործընկերությունը:
«Քաղաքական ամբողջ դաշտի սպեկտորը ներկայացված է պառլամենտում, և կա հնարավորություն, եթե կոալիցիան գաղափարական է՝ միանալու և ունենալու ուժեղ ընդդիմություն»,- Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի տոնի առիթով այսօր Հաղթանակի զբոսայգում կազմակերպված միջոցառմանը Tert.am–ի հետ զրույցում ասաց Նիկոյանը։
Հարցին, թե արդյո՞ք Հայաստանի հանրապետական կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը տեսնում է որպես կոալիցիոն գործընկեր, Սամվել Նիկոյանը խուսափեց պատասխանել:


«Մի անցեք մանրամասնությունների և կոնկրետ անունների շարքը։ Ես ասում եմ, որ մեր երկրում ցանկալի կլինի, որ եթե կոալիցիա է ձևավորվում, ապա դա լինի գաղափարական»,-ասաց նա:


Նիկոյանը կրկին խուսափողական պատասխան տվեց հարցին՝ գաղափարակից համարում է ԲՀԿ-ին, թե ոչ. «Դրա համար պետք է հետևեք կուսակցության գաղափարախոսությանը, նրանց քաղաքական ուղղվածությանը, և արդեն իսկ հետևած լինեիք և եզրակացություն անեիք, այլ ոչ թե ինձանից հարցնեիք։ Դրա համար կան կուսակցության ծրագրեր ու գաղափարախոսություններ, որ դուք միշտ չէ, որ ցանկանում եք կարդալ ձեզ նեղություն տալ, այլ ցանկանում եք մեզանից լսեք»:


Նիկոյանը խուսափողական պատասխան տվեց նաև այն հարցին, թե ՀՀԿ-ն կոալիցիա կկազմի, թե միայնակ կառավարություն կձևավավորի. «Ես այս պահին չեմ կարող պատասխանել, կգա օրը և բոլորը կիմանան»:


Սամվել Նիկոյանը նաև ասաց, որ միմիայն ուրախ կլինի, եթե ընդդիմության կողմից կոալիցիայի կազմվի։ « Միշտ էլ պառլամենտում անհրաժեշտ է հզոր ընդդիմության ներկայություն, դա իշխանության համար շատ կարևոր է: Ուժեղ ընդդիմությունը երկրի կայունության և դինամիկայի, փոփոխության համար անհրաժեշտ կարևոր գործոն է»:


Նիկոյանը պնդում է, որ անց է կացվել արդար ընտրություններ, իսկ ՀԱԿ-ի կողմից հակառակ պնդումները նա բնական է համարում: «Ընդդիմությունը հին հայկական ավանդույթ է, որովհետև ինքը տոկոս է ասել ու չի ստացել այդ տոկոսը, բա ինչպե՞ս պետք է արդարացնի, ինքը չի ուզում ժողովրդին մեղադրի, ոչ էլ իրան, բա ո՞ւմ ասի, մնում են իշխանությունները»,- բացատրեց ԱԺ նախագահը:


Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ՀՀԿ–ն 35 տոկոս ձայն կհավաքի, մինչդեռ իրականում ՀՀԿ–ն ստացավ 44 տոկոս և, գուցե, հենց դրա համար չի համակերպվում ընդդիմությունը, Նիկոյանը պատասխանեց. «Դե էդ հարցը չհամակերպվողներին և պարոն Աբրահամյանին տվեք, ես հավատում էի մեր հաղթանակին, նա էլ էր հավատում, շատ էր հավատում, դրա համար էլ ինքը կազմակերպված և նպատակաուղղված աշխատեց»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք տեղյակ է ԱԺ նախագահի պաշտոնում իր մնալ–չմնալու մասին Նիկոյանը պատասխանեց, որ տեղյակ չէ: