Միայն Տեր-Պետրոսյանը հստակ գիտի, տեղյակ եղել է, թե ոչ Շուշիի ազատագրման մասին. պատմաբան
ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար, պատմաբան Ալիկ Ղարիբյանն ասում է, որ հարցին, թե արդյո՞ք տեղյակ չի եղել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Շուշիի ազատագրման մասին, հստակ կարող է պատասխանել ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Հստակ այդ հարցին, կարող է միայն Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել»,-այսօր այս մասին նա ասաց լրագրողների հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Շուշիի ազատագրման ժամանակ առաջին նախագահը եղել է Իրանում:
Ալիկ Ղարիբյանը նաև նշեց, որ թեև իսկապես, երբ Իրանում նախագահին հայտնում են Շուշիի գրավման մասին լուրը, նա անակնկալի եկած, ասում է, որ տեղյակ չի եղել այդ մասին, այդուամենայնիվ, դա ընդամենը դիվանագիտական մոտեցում է եղել։
«Իրանում հանդիպման ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանին հարցնում են, «դուք տեղյա՞կ եք, որ ազատագրվել է Շուշին», նա անակնկալի եկած, պատասխանում է, որ ոչ: Իհարկե, դա ներկայացվում է որպես հայկական դիվանագիտության հմտության վկայություն»,- պատմեց նա:
Պատմաբանը նշեց, որ այդ դեպքի առիթով Իրանի դեսպանը հանդիպումներից մեկի ժամանակ ասում է, որ շատ զարմանալի է և գնահատելի, որ հայերն այնքան հմտորեն օգտագործեցին այն հանգամանքը, որ երկրի ղեկավարը երկրում չէր և գրավեցին Շուշին:
Պատմաբանը, սակայն չհերքեց, որ ինչպես պատմել է Կոմանդոսը` Արկադի Տեր-Թադևոսյանը, խոչընդոտներ եղել են ռազմական գործողությունների ժամանակ անգամ Պաշտպանության նախարարությունից: Պաշտպանության նախարարությունից զանգ է եկել և հրաման է տրվել, որ Շուշիի գործողությունը պետք է դադարեցնել:









