Ընտրությունների հետ կապված այսօրվա դրությամբ հարուցված է ընտրությունների 7 քրեական գործ՝ 3 հանցատեսակների հատկանիշներով
Մայիսի 6-ի համապետական ընտրությունների օրը ստացված ահազանգերի հիման վրա այսօրվա դրությամբ հարուցված է 7 քրեական գործ՝ 2-ը՝ ՀՀ ոստիկանությունում, 5-ը՝ Հատուկ քննչական ծառայությունում: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Ոստիկանության կողմից հարուցված գործերը Էրեբունի և Շենգավիթի բաժինների վարույթներում են. առաջինը հարուցված է Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը և երկրորդը՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը հատկանիշներով:
Հիշեցնենք, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առթիվ առաջին քրեական գործը հարուցվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի հաղորդման հիման վրա: Լրագրողը հաղորդել էր, որ ընտրությունների օրը ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի 25 հասցեում գտնվող թիվ 178 դպրոցում տեղակայված 12/32 ընտրատեղամասի բակում ոմն Վարդան խոչընդոտել է իրականացնել իր մասնագիտական օրինական գործունեությանը՝դիտավորյալ հարվածելով և գետնին գցելով «Ֆլիպ» տեսակի տեսախցիկը:
ՀՔԾ-ում հարուցված քրեական գործերից երեքը ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով են և վերաբերում են Գյումրիի թիվ 5 երաժշտական դպրոցում տեղակայված թիվ 34/21 ընտրատեղամասում մի խումբ անձանց կողմից ընտրությանը մասնակցող՝ «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող-օպերատոր Վլադիմիր Խաչատրյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն (վերցրել են ընտրատեղամասում տեղադրված տեսախցիկը և հեռացել- Tert.am ), թիվ 34/25 ում՝ «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խմբի օպերատորի ձեռքից տեսախցիկը վերցնելուն, Գյումրիի թիվ 34/26 ընտրատեղամասում «Մաքսինֆո» լրատվական վերլուծական գործակալության լրագրող-օպերատոր Կարեն Հովհաննիսյանի լիազորությունների իրականացմանը՝ խոչընդոտելուն: Մանսավորապես, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով՝ օպերատորի հագուստի վրայից պոկել են լրագրողի վկայականը, ձեռքից վերցրել տեսախցիկը և հեռացել:
Հատուկ քննչական ծառայությունում հարուցված մյուս քրեական գործերը վերաբերում են մայիսի 6-ին Շենգավիթ վարչական շրջանում բաժանված ընտրակաշառքի մասին ահազանգերին:









