ԿԸՀ–ի դիմաց հացադուլ անողին այցելել է Մարդու իրավունքների պաշտպանը
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանին, ով որոշել է շարունակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց իր հացադուլը, որպեսզի ապացուցի, որ իր նման հասարակ մարդը ևս կարող է բարձրաձայնել իր բողոքի ձայնը, այսօր այցելել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
ԿԸՀ շենքի դիմաց այսօր հրավիրած ասուլիսում Արտավազդ Վարդանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Կարեն Անդրեասյանն իր հետ հանդիպմանն ասել է, որ ամեն կերպ փորձում է այս հարցը լուծել:
«Բայց նաև ասաց, որ շատ հնարավոր է՝ չստացվի, որովհետև Ոստիկանությունը չի լսում իր հորդորները, բայց ինքը էնպես կանի, որ գոնե հաջորդ հացադուլավորների իրավունքները պաշտպանված լինեն»,- ՄԻ Պաշտպանի ու իր զրույցը լրագրողներին փոխանցեց Արտավազդ Վարդանյանը:
Հարցին, թե ևս քանի՞ օր Վարդանյանը կշարունակի իր հացադուլը, նա չկարողացավ պատասխանել:
Նշենք, որ Արտավազդ Վարդանյանն այլընտրանքային ընտրություններ է պահանջում, ինչը, ըստ նրա, կարող են մշակել միայն մտավորականության ներկայացուցիչները և ներկայացնել հասարակությանը:
«Այս ընտրությունները Հայաստանին տանում են կործանման: Ես ուզում եմ, որ մտածող, սրտացավ մարդիկ որոնեն այլ տարբերակներ, որով կուղղորդեն հասարակությանը: Ես հասարակությանն իր իրավունքներին և արժանապատվությանը տեր կանգնելու կոչ եմ անում»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք չի՞ կարծում, որ իր առաջարկը վերացական է, Վարդանյանը վստահեցրեց՝ դա ընդամենն առաջին հայացքից է այդպես թվում. «Պետք է հասարակությունն ինքնակազմակերպվի, իսկ մտավորականությունն այլընտրանք ձևավորի: Ես չեմ սպասում այս պահին հասարակության կողմից լայն աջակցություն, բայց այն, ինչ-որ այսօր ստանում եմ, հուսադրող է»,- եզրափակեց հացադուլավոր Արտավազդ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ արդեն 7-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Արտավազդ Վարդանյանին այսօր կեսգիշերին առևանգել են ԿԸՀ-ի դիմացից: «Ժամը 12:30-ի սահմաններում, ընկերներս գնացին, մի քանի րոպե հետո մեկը մոտեցավ, ասաց՝ Արտավազդ, մտածեցի՝ ընկերներիցս է: Այդ պահին մեծ հովանոցս ջարդեցին, քնապարկի մեջ էի, Կովկասի գերուհու պես առևանգեցին ու տարան»,- Tert.am-ի հետ զրույցում պատմել է Արտավազդ Վարդանյանը:
Խուճապի մեջ ընկած հացադուլավորը սկսել է գոռալ՝ «ոստիկան, ոստիկան», բայց ոչ ոք չի մոտեցել: Դրանից հետո, ըստ Արտավազդի, անծանոթներն ուժի գործադրմամբ, իրեն մեքենա են նստեցրել և տարել իր տուն, որը գտնվում է Մուսալեռ գյուղում:
«Տան առաջ իջեցրեցին, ասացին՝ էսօր չեթաս հանկարծ էնտեղ, վաղն ուզում ես գնա, բայց էսօր չգնաս: Ես էլ տաքսի նստեցի՝ էլի եկա այստեղ»,- ասաց Արտավազդը և ավելացրեց, որ վերադարձել է և տեսել, որ ԿԸՀ-ի դիմաց անհրաժեշտ իրերը չկան:
Արտավազդ Վարդանյանը չի հարցրել, թե ովքե՞ր են և ի՞նչ նպատակով են իրեն առևանգում, քանի որ հասկացել է, որ չեն պարզաբանի: Սակայն ենթադրում է, որ դրանք կամ Ոստիկանության, կամ իշխանության ներկայացուցիչներն են եղել։
«Ուրիշ տարբերակ չի կարող լինել: Իրենք ուզում են ինձ պայմաններից զրկել, որպեսզի ես չկարողանամ իմ ակցիան կատարել»,- ասել էր նա:









