ԱԺ–ում նրանք լավագույն դեպքում բարձր ձայնով բղավելու են, ասում է հացադուլավորը
Այն բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ասում էին, թե իրենք Ազգային ժողովում մեծամասնություն են կազմելու, ընդամենը մի խնդիր էին լուծում՝ անցնել խորհրդարան, այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը, ով արդեն 7-րդ օրն է հացադուլ է անում։
«Նրանք խաբում էին հասարակությանը: Ի՞նչ են անելու նրանք խորհրդարանում, լավագույն դեպքում բարձր ձայնով բղավելու են: Հասարակությանը ասելու են՝ «վայ, մենք ինչ ասում ենք՝ մեզ չեն լսում: Եվ խորհրդարանում որոշելու է իշխանությունը՝ ինչ ուզի»,- ասաց նա:
«Իրենք անձնապես, միգուցե, լուծեն իրենց բարեկամների կամ մի տասնյակ մարդկանց խնդիր, բայց հասարակության համար ոչ մի բան չեն անելու: Հասարակության համար անելու են դրսում՝ ինչպես դա արեցին Մաշտոցի պուրակի երիտասարդները: Այդ երիտասարդներն են այսօր իրավիճակ թելադրողը»,-ասաց նա։
Ըստ Արտավազ Վարդանյանի՝ այդ տեսակ երիտասարդությունը, այդ տեսակ քաղաքացիական հասարակությունը նոր ծիլեր ու բովանդակություն է տալու ամբողջ հանրապետության մտածողությանը:
Արտավազ Վարդանյանը վստահությունն հայտնեց, որ հայ ժողովրդի ուժը դառնալու է քաղաքացիական հասարակությունը, որը ավելի համարձակ, գործունյա ու պահանջատեր է դարձնելու հայ քաղաքացուն: «Մենք ունենալու ենք նոր Հայաստան»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Արտավազդ Վարդանյանը հացադուլի հենց առաջին օրվանից պահանջում է ձևավորել այլընտրանքային ընտրություններ, այդ իսկ պատճառով իր բողոքի ակցիան անցկացնելու համար ընտրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի շրջակա տարածքը:









