Ես հանուն պաշտոնի երբեք չեմ լքի կուսակցությունը. ԲՀԿ-ական նախարար (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ ինքը կիսատ գործեր ունի և կցանկանար ավարտել դրանք, սակայն, եթե իր կուսակցությունը` ԲՀԿ-ն կոալիցա չկազմի Հայաստանի հանրապետական կուսակցության հետ, ինքը՝ հանուն պաշտոնի չի լքի կուսակցությունը:
«Դեռ որևէ խոստում, քննարկում չի եղել, պատրաստ եմ աշխատել, քանի որ շատ ծրագրեր եմ սկսել, լավ կլիներ` հասցնեմ ավարտել: Բայց ես երբեք չեմ լքի իմ կուսակցությունը, հանուն պաշտոնի»,-ասաց Արթուր Գրիգորյանը:
Հարցին, թե վերջինս ցանկանո՞ւմ է, որ կազմվի ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիա, թե՝ ոչ, Արթուր Գրիգորյանն ասաց, որ ինքը չի կարող պատասխանել այդ հարցին. «Ես ցանկանում եմ այդ հարցին չպատասխանել, չեմ կարող ասել»,-ասաց Արթուր Գրիգորյանը:
ԲՀԿ-ական նախարարը նշեց նաև, որ ինքը գոհ է ընտրությունների արդյունքից, քանի որ ԲՀԿ-ն նախորդ ընտրությունների համեմատ կրկնակի քվեներ է ստացել:
Նշենք նաև, որ կառավարության նիստից հետո, ԲՀԿ-ական մեկ այլ` ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը դուրս եկավ կառավարության հետնամուտքից, խուսափելով շփվել լրագրողների հետ:
Ի դեպ, Վարդան Վարդանյանը ԲՀԿ նախընտրական շտաբի ղեկավարն էր՝ մինչ ընտրությունները:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո իշխող ՀՀԿ-ն հավաքեց ընտրողների 44, իսկ ԲՀԿ-ն՝ 30 տոկոս ձայն:
Ընտրություններից հետո, այժմ քննարկվում են կուսակցությունների միջև կոալիցիա կազմել-չկազմելու հարցը: Հիշեցնենք նաև, որ դեռ պահպանվում է կոալիցիոն կառավարությունը, որի արդյունքում ԲՀԿ-ն ունի 4 նախարարական պորտֆելներ՝ ՀՀ առողջապահության նախարարի, ՀՀ սոցիալական հարցերի նախարարի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի, և ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնները:









