ՀԱԿ-ը ՍԴ կդիմի՝ ժողովրդին ցույց տալու համար օրինական ճանապարհները

17:10 • 10.05.12

«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը, ինչպես նաև ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Արշակ Բանուչյանն առանձին, որպես 11 ընտրատեղամասի թեկնածու, կդիմեն Սահմանադրական դատարան՝ չեղյալ համարելու ընտրությունների արդյունքները:


«ՍԴ ես էլ եմ դիմելու: Մեր մասնագետներն ամփոփում են տվյալները, վաղվա ամփոփիչ պաշտոնական տվյալներից հետո քայլեր կձեռնարկվեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա և հավելեց, որ ինքը և իր ընկերները պայքարելու են մինչև վերջ:


Արշակ Բանուչյանը վստահեցրեց, որ կան բավարար փաստեր՝ հիմնավորելու իրենց հայցը:
«Նախ կան բազմաթիվ արձանագրություններ, որոնք կազմել են մեր վստահված անձինք: Կան փաստեր, որոնք ցույց են տալիս, որ ընտրություններին կոնկրետ թիվ 11 ընտրատարածքում մասնակցել է ոչ թե 62%, այլ ոչ ավել, քան 40-42 % մարդ»,- ասաց նա։


Արշակ Բանուչյանը բերեց կոնկրետ օրինակներ, որ 11-րդ ընտրատարածքում 50-ից ավելի քվեաթերթիկ չկա: «Ոչ մարվածի մեջ, ոչ անվավերի մեջ, որ քվեարկածի մեջ չկան այդ քվեաթերթիկները: Մեկը կամ 2-ը բացակայելու պարագայում կենթադրեինք, որ ինչ-որ մեկը կտաներ իր հետ և ոչ թե այդքան մեծ թիվ կլիներ»,- ասաց նա և ենթադրեց, որ 37 տեղամասերում 50 քվեաթերթիկի բացակայությունը ցույց է տալիս, որ ամեն մի տեղամասում «կարուսել» է կազմակերպվել:
Ըստ նրա՝ կնիքների անհետացման հարցում նույնպես բավարար է ենթադրել, որ եթե 100 մարդ, իր ընտրատարածքում երկու անգամ մտներ քվեարկման, արդեն 3800 քվեն բավարար կլիներ առավելության հասնելու համար:


«Թիվ 11 ընտրատարածքում 2454 ձայն հավաքած «Օրինաց երկիր» կուսակցությունը չէր կարող նույն ընտրատարածքում մեծամասնականով ունենալ 12 հազարից ավելի ձայն»,- վստահեցրեց նա:


Արշակ Բանուչյանն ասաց, որ այդքան էլ ակնկալիք չունեն ՍԴ-ից. «Դե ՍԴ-ն ճիշտ այնպես վաճառված կառույց է, ինչպես որ ՀՀ բոլոր պետական կառույցներն են, բայց պիտի ցույց տալ ժողովրդին, որ «տեսե՛ք, ՍԴ էլ դիմեցինք», բոլոր օրինական ճանապարհները պետք է ցույց տալ»,-ասաց նա: