«Շումախերն» իր մեքենան հայտնաբերել է…ծառի վրա

15:38 • 10.05.12

Լեհաստանի Զբիգնև գյուղի 24-ամյա բնակիչ Ֆիլոյի` մեքենա վարելուց արդեն «կուշտ» հարևանները որոշել են նրան պատժել` մեքենան «կայանելով» ծառի վրա:

 

Ինչպես գրում է Metro-ն, առավոտյան արթնանալով ու տնից դուրս գալով` երիտասարդն իր Ford Escort մակնիշի մեքենան հայտնաբերել է ուռենու վրա:

 

Հարևաններից մեկը պատմել է, որ դա անելու համար իրենք ամբարձիչ են վարձել: Գյուղացիների խոսքով`  իրենք ստիպված են նման քայլի գնացել` փորձելով որոշ ժամանակով զրկել երիտասարդին մեքենա վարելու հաճույքից ու այդկերպ պատժել նրան, որպեսզի նա գիտակցի, որ իր մեքենա վարելով վտանգում է անցորդների կյանքը:

 

Երիտասարդը ոստիկանություն է կանչել, և մեքենան ծառից իջեցվել է: Ինքը` «Շումախերը», հայտարարել է, որ այսուհետ կհետևի երթևեկության կանոններին: Նա ասել է, որ հասկանում է հարևանների վրդովմունքը, սակայն նրանց կազմակերպած «ակցիան» որոշ չափով դաժան էր: Ի դեպ, թերթը գրում է, որ երիտասարդը վարորդական իրավունք չունի:

 

Նշենք, որ մեքենան կշռում է մոտ 760 կգ: