Հունական Syriza կուսակցությանը չհաջողվեց ձևավորել կոալիցիոն կառավարություն
Հունական ձախ ծայրահեղական Syriza կուսակցությունը հրաժարվել է կոալիցիոն կառավարություն ձևավորելու փորձերից: Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը, հայտնում է BBC-ն:
Ցիպրասի խոսքով` իրեն չի հաջողվել համաձայնության գալ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած երկու այլ կուսակցությունների` ՊԱՍՕԿ-ի ու «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունների առաջնորդների հետ` անհրաժեշտ խիստ տնտեսական պատժամիջոցներից հրաժարվելու հարցի շուրջ, որոնք հարկավոր են Եվրամիությունից ֆինանսական օգնության ստանալու համար:
Syriza կուսակցությունը դեմ է Հունաստանի ընդունած խիստ տնտեսական միջոցառումներին, որոնք առաջարկել էին Եվրամիությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)` նոր ֆինանսական օգնություն հատկացնելու համար:
Հունական օրենսդրության համաձայն` կոալիցիոն կառավարություն ձևավորելու իրավունքն այժմ փոխանցվել է ձախակենտրոն ՊԱՍՕԿ կուսակցությանը:
Մայիսի 6-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով` հիմնական կոււսակցությունները` աջակենտրոն «Նոր ժողովրդավարություն»-ն ու ձախակենտրոն ՊԱՍՕԿ-ը նույնիսկ երկուսը միասին չկարողացան հավաքել բավարար թվով ձայներ` խորհրդարանում մեծ մեծամասնություն ունենալու համար (151 տեղ): Փոխարենը` ընտրողների զգալի աջակցությունը ստացան ձախ ծայրահեղական Syriza-ն ու ուլտրաազգայնական «Ոսկե լուսաբաց» կուսակցությունը:
Հունաստանի ֆինանսների նախարարության մի քանի աղբյուրներ որոշ ժամանակ առաջ հայտնել էին, որ հունական գանձարանը մինչև հունիս կարող է զրկվել դրամական միջոցներից, եթե մոտ ապագայում չձևավորվի գրագետ կառավարութուն, որին կհաջողվի եվրագոտուց ու ԱՄՀ-ից «պոկել» հերթական վարկը:









