Ինձ չեն հրավիրել, դրա համար էլ չեմ երգել. Դավիթ Ամալյան

18:06 • 10.05.12

Երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին նախընտրական քարոզարշավի ժամանակ չեն հրավիրել երգելու որևէ կուսակցության համար, այդ իսկ պատճառով էլ հանդես չի եկել համերգային շոու-ծրագրերին։
«Ես կա՛մ Հայաստանի հանրապետական կուսակցության համար պետք է երգեի, կա՛մ «Հայ հեղափոխական դաշնակցության» համար, սակայն ո՛չ այնտեղից կանչեցին, ո՛չ էլ այնտեղից, այդ իսկ պատճառով ես չեմ երգել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ամալյանը:


Երգիչը նաև նշեց, որ ինքը, եթե մասնակցեր քարոզչական միջոցառումների, միայն երգելու էր ուրիշ ոչինչ, թեև հարգում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:


Հարցին, թե ընտրությունները ի՞նչ դրական փոփոխություններ կբերեն հայ հարակցության կյանքում, Դավիթ Ամալյանն ասաց, որ ընտրությունները ոչինչ էլ չեն բերի Հայաստանի համար:


«Ես դեպի լավի հույս ունեի, տա Աստված, որ ամեն ինչ լավ լինի և լավ գնա, սակայն ես չեմ կարծում, որ ընտրությունները փոփոխություն կբերեն մեր կյանքում»,- ասաց Դավիթ Ամալյանը, և նշեց, որ ինքը «պետության» կուսակցությունից է. «Ես պետության կուսակցությունից եմ, պետության, այլ ոչ իշխանության»:


Հիշեցնենք, որ մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրություններից առաջ գրեթե բոլոր քաղաքական ուժերը իրենց նախընտրական հանրահավաք-հանդիպումների ժամանակ կազմակերպում էին համերգային միջոցառումներ, որոնց ժամանակ ելույթներ էին ունենում հայ էստրադային շոու-բիզնեսի հայտնի աստղերը, «Ժառանգություն» կուսակցության համերգային ծրագրի համար անգամ Հայաստան էր եկել ամերիկահայ երգիչ երգահան Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը: