Ես էլ ասում եմ, որ քննարկվում է կոալիցիոն 18 սցենար. ՀՀԿ խոսնակ

13:56 • 10.05.12

Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ լրագրողներին հետ ճեպազրույցում կոալիցիայի մասին հարցին անդրադառնալով տեսականորեն է ասել, որ քննարկվում է կոալիցիայի ձևավորման 16 սցենար, այս մասին Tert.am–ի հետ զրույցում Շարմազանովը պարզաբանեց ի պատասխան այն հարցի, որ եթե չի քննարկվում կոալիցիոն կառավարություն ձևավորելու հարց, ապա ինչու էր երեկ վարչապետը հայտարարում, թե քննարկվում են տարբեր սցենարներ։


«Ես էլ կարող եմ ասել, որ քննարկվում է կոալիցիայի ձևավորման 18 սցենար»,– ասաց Շարմազանովը
Նույնը երեկ Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ կոալիցիայի հարց չի քննարկվում:


Ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հնարավոր կոալիցիայի մասին հարցին, Էդուարդ Շարմազանովը նշեց. «Կուսակցությունում գիտեն այս մասին իմ կարծիքը, սակայն քանի դեռ այս մասին պաշտոնապես քննարկում չի եղել, ես կոռեկտ չեմ համարում այն ներկայացնելը»:


Էդուարդ Շարմազանովը հավելեց, թե ակնհայտ է, որ առաջիկա հինգ տարիներին Հանրապետականն է լինելու այն քաղաքական ուժը, որը առանցքային դերակատարություն է ունենալու ՀՀ ներքաղաքական դաշտում:


Հիշեցնենք, որ մայիսի 6-ի ընտրությունների արդյունքով ՀՀԿ-ն տնօրինում է «վերահսկիչ փաթեթը»՝ ձևավորելով քաղաքական մեծամասնություն, և հետևաբար, միայնակ կարող է ձևավորել կառավարություն, այնպես, ինչպես ամրագրված է Սահմանադրության 55-րդ հոդվածում։


Ըստ այդ հոդվածի՝ Հանրապետության նախագահը « Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին»:


Մամուլում քննարկվում է, որ ՀՀԿ-ն նպատակահարմար չի համարում կոալիցիայից դուրս՝ հետևաբար ընդդիմադիր դաշտում թողնել Գագիկ Ծառուկյանի քաղաքական թիմի ձևավորած ծանակշիռ՝ 37 հոգանոց խմբակցությունը, որովհետև, ըստ քաղաքագիտական կանոնների, այն քաղաքական ուժը , որը չի մտնում կառավարող կոալիցիայի մեջ, մեքենայաբար դառնում է ընդդիմություն, և, հակառակը, ընդդիմությունը կոալիցիա կազմելով, դադարում է այդպիսին լինելուց:


Մայիսի վեցի ընտրությունների վերաբերյալ մինչ օրս գնահատական չներկայացրած ԲՀԿ-ն, որը հայտարարել է, որ քաղխորհրդի նիստից հետո միայն կխոսի այս, ինչպես նաև հետագա սցենարների մասին, առանձին անդամների անձնական կարծիքների մակարդակով արդեն իսկ հայտնել է, թե ԲՀԿ-ի ՝ կոալիցիայում ընդգրկվելը ճիշտ և նպատակահարմար չի լինի: Այս մասին անձնական տեսակետներ են հայտնել ԲՀԿ-ի երկրորդ համար Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը և Վահե Հովհաննիսյանը:


Անձնական կարծիքի մակարդակով Կրթության և գիտության նախարար, ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանը ևս Facebook –ում «Կոալիցիայի կազմավորման ուղեցույց՝ ըստ Արմեն Աշոտյանի» վերտառության ներքո ներկայացրել էր, թե որ դեպքերում պետք չէ մտնել կոալիցիա:


«Եթե դա չեք անում սրտանց, ուզում եք կիսել միայն հաջողությունները, ուզում եք ունենալ միայն իրավունքներ և ոչ` պատասխանատվություն, պատրաստ չեք թիմային աշխատանքի, ապագայում ունենալու եք սկզբունքային անհամաձայնություններ, բայց հետո կոալիցիայից դուրս չեք գալու, ՀՀԿ-ի հետ չեք կիսում նույն արժեքները և չեք հետապնդում միևնույն նպատակներ, պատրաստ չեք միշտ առաջնորդվել կոալիցիայի շրջանակներում ստորագրված փաստաթղթերով, կարծում եք, որ ԱԺ ընտրություններն իրոք կեղծղվել են … և, ամենակարևորը, եթե գալիք նախագահական ընտրություններին չեք կարող սատարել ՀՀԿ թեկնածուին»,- գրառել էր ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Արմեն Աշոտյանը:


Բոլոր այս խմորումներն ու զարգացումներ պետք է ավարտված լինեն մինչև նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարումը, որով կավարտվւ 4 –րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը, ինչից հետո կառավարությունը հրաժարական է տալիս:«Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում»,-նշված է ՀՀ սահմանադրության մեջ:


Քանի որ, կրկին՝ Սահմանադրության պահանջով Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը, ապա նորընտիր ԱԺ-ի առաջին նիստի օրը մայիսի 31 է, ինչի մասին արդեն հայտարարվել է: