Ազատության հրապարակում ՀՀԿ-ի՝ այսօր նախատեսած հանրահավաքը չկայացավ

21:16 • 10.05.12

Հանրապետական կուսակցությունն այսօր՝ մայիսի 10-ին, Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտ էր ներկայացրել Երևանի քաղաքապետարան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:


ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանի կողմից ներկայացված հայտը ոչ միայն մայիսի 10-ին, այլ նաև մայիսի 12-ին հանրահավաք անցկացնելու համար է եղել, ըստ որի՝ հանրահավաքը պետք է սկսվեր ժամը 11.00-ից և ավարտվեր ժամը 22.00-ին։ Իսկ ժամը 17.00-ին նախատեսված էր երթ՝ Երևանի կենտրոնական փողոցներով։


Թե ինչու հանրահավաքը չկայացավ, Tert.am-ին պարզել չհաջողվեց: ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանն ասաց, որ հանրահավաք անցկացնելու մասին տեղեկություն չունի: Նույնն ասաց նաև ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ նշելով, որ ինքն այս պահին Սպիտակ քաղաքում է և հանրահավաք անցկացնելու մասին չի լսել:


Նշենք, որ մայիսի 11-ին, 13-ին և 14-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտ է ներկայացրել նաև Հայ ազգային կոնգրեսը: