«Դիայվայ» ակումբը հրկիզողները հայտնաբերված են

13:47 • 10.05.12

Ոստիկանության ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայիսի 8-ին, ժամը 05.05-ի սահմաններում, եղբայրներ՝ 1992 թ. ծնված Արամե և 1993 թ. ծնված Համբիկ Մ.-երը, նախնական պայմանավորվածությամբ, գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, կոտրել են «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ «Դիայվայ» ակումբի պատուհանի ապակին և նախապես իրենց հետ բերված բենզինով լի շիշը նետել այնտեղ, որից հետո բաց կրակով հրկիզել են շինությունը:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին, ժամը 05.20-ին, Ոստիկանության Կենտրոնի բաժնմունքում հաղորդում էր ստացվել, որ Ղազար Փարպեցու փողոցի թիվ 14/11 հասցեում հրդեհ է բռնկվել, ինչը մարվել էր նույն օրը, ժամը 05.45-ին, ՀՀ ԱԻՆ թիվ 8 և 1 ՀՓՋ մեկական հաշվարկների հրշեջների կողմից:

 

Նույն օրը, ժամը 16.05-ին, ահազանգ էր ստացվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս, որ Ղազար Փարպեցու փողոցի թիվ 14/11 շենքի բակում ռումբ է պայթել:

 

Մայիսի 9-ին, ժամը 13.00-ին Արամե և Համբիկ Մ.-երը Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկվել Ոստիկանության համապատասխան բաժանմունք:

 

Հիշեցնենք, որ ակումբի գույքը՝ սեղանները, պատերը, սարքավորումները, գրեթե, ամբողջությամբ այրվել էին, իսկ ակումբն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում: