Դաշնակցության ձայները տարել են ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը», իսկ ՕԵԿ-ինը` ԲՀԿ-ն
Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ձայները «տարել են» «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունները:
Ընդ որում, «Բարգավաճ Հայաստան»-ը տարել է նաև «Օրինաց երկիր» կուսակցության ձայները, այսօր, այս մասին ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց քաղաքական տեխնոլոգը:
Նրա խոսքով, ՕԵԿ-ն իր «հավաքած» ձայներից հիմա պետք է՝ «ուրախությունից չգիտեմ ի~նչ անի»:
Քոչարյանը նկատում է, որ.«Շատ ավելի հեշտ կլինի բացատրել Հանրապետականի 45 տոկոսը, քան ՕԵԿ-ի 5 տոկոսը»:
Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցությանը, ապա քաղտեխնոլոգի խոսքով, 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ կուսակցությանը հաջողվեց անցնել խորհրդարան՝ պայմանավորված կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի խարիզմատիկ կերպարով, քանի որ այսօր արդեն հայտնի կուսակցության անդամներն այն ժամանակ դեռ ճանաչված չէին:
Իսկ 2012-ի մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ, Կ. Քոչարյանի համոզմամբ, կազմակերպչական առումով, «Ժառանգությանը» օգնեցին «Ազատ դեմոկրատները»։
«Համոզված եմ, որ «Ժառանգությանը»՝ կազմակերպչական առումով ուժեղացրեցին «Ազատ դեմոկրատները»,- եզրափակեց Կարեն Քոչարյանը:









