ԼՂ հիմնահարցը փակուղում է. Օսկանյանը` թուրք լրագրողներին
Նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը թուրք լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է հայ-թուրքական սահմանը բացելու գործընթացից, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական խնդիրներից:
Ինչպես տեղեկացնում է Today’s Zaman-ը, նախկին նախարարը ասել է, թե ինքը միշտ էլ վստահ է եղել` Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չի լուծվել:
«Հայաստանի կառավարությունը ցանկանում է նորմալացնել կապերը Թուրքիայի հետ: Սակայն հարց է, թե ինչպե՞ս: Արձանագրությունների ողջ գործընթացը բոլորի համար պարզ դարձրեց, որ այդ ճանախարհին խոչընդոտներ կան: Հարցն այն է, թե ինչպե՞ս կարող են երկու կողմերը հաղթահարել այդ խոչընդոտները: Հիմնական խոչընդոտը ԼՂ հակամարտությունն է»,- ասել է Վարդան Օսկանյանը:
Թուրք լրագրողների հետ հանդիպումը տեղի է ունեցել «Հրանտ Դինք» և «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամների կողմից կազմակերպված թուրք լրագրողների` Հայաստան այցի շրջանակներում:
Հայաստանի և Թուրքիայի կողմից 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին, ստորագրված Ցյուրիխյան արձանագրությունները Վարդան Օսկանյանը «մեռած» է համարել:
«Այդ խոչընդոտը կախված է ոչ միայն Հայաստանից, այլև Ադրբեջանից: Այսինքն մեր երկկողմ հարաբերությունները կախված են նաև թուրք-ադրբեջանական հարաբերություններից: Ինձ համար այն ժամանակն էլ ակնհայտ էր, որ սահմանը չի բացվելու, քանի դեռ ԼՂ խնդիրը լուծված չէ»,- ասել է նա:
Օսկանյանը հիշեցրել է, որ ինքը քննադատել է Հայաստանի կառավարությանը` արձանագրությունները ստորագրելու համար: «Ներկա իշխանությունները չէին ցանկանում լսել: Նրանք կարծում էին, թե Թուրքիան չի կապի մեր երկկողմ հարաբերությունները Ղարաբաղյան հարցի հետ: Սակայն իրենք էլ ի վերջո համոզվեցին, որ այդպես չի կարող լինել»,-ասել է Օսկանյանը:
Խոսելով ԼՂ հարցի կարգավորման մասին` նա նշել է, որ դա բարդ հարց է:
«Ղարաբաղյան հարցն արդեն 20 տարվա պատմություն ունի: Բանակցությունները շարունակվում են, բայց ես մտավախություն ունեմ, որ դրանք փակուղում են: Ես չգիտեմ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո արդյո՞ք դրանք կվերակենդանանան»,- ասել է նա:
Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին` ԲՀԿ-ականը նշել է, որ թեև «Բարգավաճ Հայաստանը» այս գումարման ԱԺ-ում կրկնապատկել է իր մանդատները քանակը, այդուհանդերձ այն կարող էր շատ ավելի մեծ ներկայություն ունենալ, եթե ընտրությունները ավելի արդար անցնեին: Նա նաև բացառել է առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքում իր մասնակցության հնարավորությունը:
Պատասխանելով թուրք լրագրողների հարցին` պատմական հանձնաժողով ստեղծելու հնարավորության մասին, Օսկանյանն ասել է. «Դա կնշանակի Ցեղասպանության հարցը դարձյալ ուսումնասիրության առարկա դարձնել, մի բան, որ արդեն արվել է միջազգային գիտնականների և հայերի կողմից և 1915-ի դեպքերը համարվել է Ցեղասպանություն : Հայերը երբեք չեն համաձայնվի նման հանձնաժողովի ստեղծման հետ, և Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից ներկայացված պահանջը իրատեսական չէ: Մենք առաջարկել էինք Թուրքիայի բացել սահմանն առանց նախապայմանների: Ցեղասպանության վերաբերյալ հանձնաժողովի ստեղծումն անընդունելի է հայկական կողմի համար»,- ասել է նա:









