«168 Ժամ» թերթն առաջինը պիտի շահագրգռված լիներ ընտրակաշառքի փաստը հայտնաբերելու հարցում. Ոստիկանություն
ՀՀ ոստիկանությունն արձագանքել է «168 ժամ» օրաթերթի մայիսի 8-ի «Միներվայի բուն իմաստուն էր» հրապարակմանը, որտեղ հոդվածագիրը նշում է, թե իրեն տեղափոխող տաքսու նորհաճընցի վարորդն ասել է, որ 75000 դրամ ընտրակաշառք է ստանալու:
Այնուհետ, թերթի հոդվածագիրը հարցնում է՝ ինչո՞ւ Ոստիկանությունը չի փորձում գտնել ընտրակաշառք տվողին:
ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից, հոդվածի առնչությամբ, ներկայացնում են Ոստիկանության հետևյալ պարզաբանումը.
«Ստիպված ենք նորից բացատրել. ոստիկանությունը կոնկրետ քայլեր է ձեռնարկում, երբ կա համապատասխան տեղեկատվություն կամ կոնկրետ ահազանգ, իսկ տվյալ դեպքում կաշառատուի ինքնությունը հնարավոր է պարզել կաշառք ստացողին հայտնաբերելու միջոցով:
Սա է իրավաբանությունը, բայց այստեղ, կարծես թե, ավելի շատ իրավագիտակցության խնդիր կա. կարծում ենք` թերթն առաջինը պիտի շահագրգռված լիներ ընտրակաշառքի փաստը հայտնաբերելու և մեղավորներին պատժելու հարցում:
Ամեն դեպքում, հուսով ենք, որ «168 ժամ» օրաթերթն, իսկապես, օրինականության ջատագով է և կաջակցի Ոստիկանությանը` իրենց հրապարակումը տրամաբանական հանգուցալուծման հասցնելու համար:









