ՀՀ ոստիկանության հայտարարությունը Մաշտոցի պուրակի ապրիլի 29-ի միջադեպի քննության վերաբերյալ

18:45 • 10.05.12

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Մաշտոցի այգում սույն թվականի ապրիլի 29-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ընթացող քննության վերաբերյալ.


Ոստիկանության հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
2012 թվականի մայիսի 3-ին ՀՀ ոստիկանությունը հայտարարել էր, որ ապրիլի 29-ին Երևանի Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում առանձին անձանց գործողություններին նախնական իրավական գնահատական տալու նպատակով իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված մի շարք դատավարական գործողություններ:


Հաշվի առնելով նշված իրավական գործընթացի թափանցիկությունն ապահովելու կարևորությունը, սույնով ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ արձանագրված փաստերի կապակցությամբ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, ի թիվս արդեն նշանակված մեկ տասնյակից ավելի դատաբժշկական փորձաքննությունների, բացատրություններ են վերցվել դեպքի անմիջական մասնակիցներից, ստացվել և ուսումնասիրվել են այդ օրվա իրադարձությունները վերարտադրող տեսաձայնագրությունները, ինչպես նաև վարույթի համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ նյութեր:


Ձեռք բերված տեղեկությունների վերլուծության և գնահատման արդյունքում 2012 թվականի մայիսի 8-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի քննչական բաժնում որոշում է կայացվել նույն թվականի ապրիլի 29-ին մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:


Հետագայում ևս ՀՀ ոստիկանությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի նախաքննության ընթացքի և միջանկյալ արդյունքների մասին: