ԱՄՆ-ն Եվրոպայում ՀՀՊ նորագույն հրթիռ է փորձարկել

15:13 • 10.05.12

ԱՄՆ Ռազմածովային ուժերը հաջող փորձարկել են եվրոպական հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համար նախատեսված նորագույն հրթիռ: Aegis ՀՀՊ համակարգի Standard Missile – 3 (SM-3)-ի երկրորդ սերնդի Block 1B-ն արձակվել է Հավայան կղզիների շրջանում և խոցել է գործողության կարճ շառավղով ուսումնական բալիստիկ հրթիռը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով Պենտագոնին:


Հակահրթիռային պաշտպանության գործակալության համաձայն` սա նորագույն հակահրթիռի ու ծովային տեղակայման Aegis BMD 4.0.1 կատարելագործված համակարգի առաջին փորձարկումն էր: Գործակալության տվյալներով` Aegis ՀՀՊ ծրագրի աշխատանքների շրջանակում անցկացվել է 27 հակահրթիռի փորձարկում, որոնցից 22-ն ավարտվել են հաջողությամբ:

 

Հիշեցնենք, որ Եվրոպայում ՀՀՊ համակարգերի ստեղծման շրջանակում, ԱՄՆ-ն Իսպանիայի Ռոտ բազայում կտեղակայի 4 հրթիռային ականակիր նավ, որոնք համալրված կլինեն Aegis մարտական տեղեկատվական-կառավարման բազմաֆունկցիոնալ համակարգով:

 

2014 ֆինանսական տարում, որը կսկսվի 2013-ի հոկտեմբերի 1-ից և կավարտվի 2014-ի հոկտեմբերի 30-ին, Վիրջինիա նահանգից իսպանական բազա կտեղափոխվեն Ross ու Donald Cook ականակիր նավերը, իսկ 2015 ֆինանսական տարում` Porter ու Carney ականակիրները` մեկը կրկին Վիրջինիայից, մյուսը` Ֆլորիդա նահանգից:

 

Ռուսաստանը դեմ է Եվրոպայում ՀՀՊ համակարգ տեղակայելու ԱՄՆ նախաձեռնությանը: ՌԴ-ն գտնում է, որ այն սպառնում է իր տարածքի անվտանգությանն ու պահանջում իրավական երաշխիքներ: Հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն եթե ԱՄՆ-ն չտրամադրի պահանջվող երաշխիքները, ապա ՌԴ-ն կդիմի «պատասխան քայլերի»: