Մահացել է Ջոն Քենեդիի սպանության գաղտնիքը կրողը
ԱՄՆ-ում, 90 տարեկան հասակում մահացել է հայտնի քաղաքական գործիչ Նիկոլաս Քաթցենբախը, ով եղել է նախագահներ Ջոն Քենեդիի ու Լինդոն Ջոնսոնի խորհրդականը, հայտնում է Associated Press-ը: Փրինսթոնի համալսարանի ներկայացուցիչները, որտեղ աշխատել է Կաթցենբախը, հայտնել են, որ գործիչը մահացել է բնական մահով, Նյու Ջերսիի իր տանը:
Հեղինակավոր Փրիսթոնի ու Յելի համալսարանների շրջանավարտը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որտեղ վիրավորվել ու գերեվարվել է: Պատերազմից հետո, նա շարունակել է իրավաբանի ուսումը, և 1960-ականների սկզբին սկսել աշխատել Ռոբերտ Քենեդիի ղեկավարած արդարադատության նախարարությունում:
Ավելի ուշ Քաթցենբախը ստանձնել է ԱՄՆ գլխավոր դատախազի օգնականի ու Պետքարտուղարի տեղակալի պաշտոնները: Նա նաև իր մեծ ներդրումն ունի Քաղաքացիական իրավունքների մասին ակտի մշակման գործում:
Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն` նա հանելուկային դեր է խաղացել նախագահ Ջոն Քենեդիի սպանության հետաքննության գործում: Նախագահի սպանությունից 3 օր անց, նա` որպես ԱՄՆ գլխավոր դատախազ, նամակ է ուղարկել նախագահի օգնական Բիլ Մոհերսին:
«Ժողովուրդը պետք է բավարարվի նրանով, որ մարդասպանը հենց Օսվալդն է, որ նա ազատության մեջ գտնվող դաշնակիցներ չունի, և որ առկա ապացույցները բավարար են Օսվալդին դատելու համար: Նրա արարքի դրդապատճառների շուրջ շահարկումները պետք է կանխվեն: Ցավոք, վերջինիս մասին փաստերը չափազանց ակնհայտ են (մարքսիստ, Կուբա, ռուս կին և այլն): Մեզ անհրաժեշտ է ինչ-որ բան, որը կխոչընդոտեր հանրային շահարկումներին կամ Կոնգրեսում «ոչ ճիշտ լսումներին»»,- ասվել է նամակում:
Գրեթե նույն բանն է ասել նաև Հետախուզության դաշնային բյուրոյի ղեկավար Ջոն Էդգար Հուվերը: Նրա խոսքով` ինքն ու Քաթցենբախը կարիք ունեին մի այնպիսի բանի, որը կհամոզեր ամերիկացիներին, որ Քենեդիին սպանել է հենց Լի Հարվի Օսվալդը:









