Եթե կաշառքը կա, ապա դա ազատ ընտրություն չէ. քաղաքագետ
Եթե ընտրությունների ժամանակ կաշառք է բաժանվում, ապա դա ազատ ընտրություններ չի կարող համարվել, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, անդրադառնալով, մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:
«Էս երկիրը խելքի կգա այն ժամանակ, երբ տեղի ունենան ազատ ընտրություններ, սակայն այս ընտրությունները ազատ չեն եղել, քանի որ մասշտաբային կաշառք է բաժանվել, թե ի՞նչ չափի՝ դա ասել չեմ կարող»,- նա։
Ստեփան Գրիգորյանը նշեց, որ խորհրդարան անցած ուժերից Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը կմնա ընդդիմություն, ինչպես եղել է մինչ ընտրությունները, իսկ «Ժառանգություն» կուսակցությունն իրեն ընտրություններից առաջ ընդդիմության նման չի պահել, քանի որ իր տեղերը ընտրական տեղամասերում զիջել է իշխող` Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
««Ժառանգություն» կուսակցությունը իրեն չպահեց ընդդիմության նման, և դա էլ եղավ արդյունքը, որ այդքան քիչ տոկոսներ հավաքեցին: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ես շատ ցավում եմ, որ ՀՅԴ-ն շատ քիչ տոկոս հավաքեց, որովհետև նա իրական գաղափարական ուժ է»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:
Հարցին, թե ինչպիսի՞ն կլինի գալիք խորհրդարանը և ինչո՞վ կտարբերվի նախորդից՝ Ստեփան Գրիգորյանն ասաց. «Շատ մեծ տարբերություն չի լինի նախորդ խորհրդարանի և ներկայի միջև։ Ես կարծում եմ, որ «Հայ ազգային կոնգրեսը» կստանձնի «Ժառանգության» դերը: Եթե կոալիցիա կազմեն Հանրապետականն ու «Բարգավաճ Հայաստանը», ապա այլ պատկեր կլինի, և խորհրդարանի բևեռացումը ավելի կուժեղանա»,- բացատրեց Ստեփան Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում 6 քաղաքական ուժեր` Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ժառանգություն» կուսակցությունները, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը անցան խորհրդարան և կձևավորեն ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովը:









