Մեծ Բրիտանիայում քաղծառայողները գործադուլ կանցկացնեն

17:42 • 10.05.12

Մեծ Բրիտանիայի արհմիությունները հայտարարել են գործադուլ անցկացնելու մտադրության մասին: Այսօր ծրագրված գործադուլին նախատեսվում է մոտ 400 հազ քաղծառայողի մասնակցություն: Այս քայլով նրանք իրենց դժգոհությունը կհայտնեն կառավարության առաջարկած տնտեսական խիստ միջոցառումներին, մասնավորապես` կենսաթոշակային բարեփոխումներին, գրում է The Times-ը:


Բողոքի ակցիային կմասնակցեն պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում` Պաշտպանության նախարարության, միգրացիոն գործակալությունների աշխատակիցներ, ուսուցիչներ, բժիշկներ, ոստիկաններ: Նստացույցեր կանցկացվեն դատարանների, խորհրդարանի ու կառավարության շենքի մոտ, օդանավակայաններում:


Միայն ոստիկանական արհմիությունները փողոց դուրս կբերեն մինչև 20 հազ մարդու, որոնցից 16 հազ-ը կլինեն սև գլխարկներով: Դրանք խորհրդանշելու են բարեփոխումների հետևանքով պոտենցիալ գործազուրկների թիվը, գրում է The Guardian-ը:

 

Կառավարության անդամ Ֆրենսիս Մոդն ակցիան «անիմաստ» է որակել` նշելով, որ միևնույնն է` կենսաթոշակային բարեփոխումների ծրագրերը չեն վերանայվի:

 

Վերջին տարիների ամենախոշոր գործադուլն անցկացվել է 2011-ի նոյեմբերին, որին մասնակցել է մոտ 500 հազ մարդ: