ԱՄՆ-ն 1 տարով երկարաձգել է «Սիրիայի կառավարության գործողությունների հետ կապված արտակարգ դրության» ռեժիմը

14:25 • 10.05.12

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այսօր մեկ տարով երկարաձգել է «Սիրիայի կառավարության գործողությունների հետ կապված արտակարգ դրության» ռեժիմը: Ամերիկյան օրենքների համաձայն` այս որոշումն իր վարչակարգին սիրիական իշխանությունների նկատմամբ խիստ միջոցառումների պահպանման, անհրաժեշտության դեպքում` խստացման հիմք է տալիս, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:

 

ԱՄՆ Կոնգրեսին ուղղված նամակում Օբաման պարզաբանել է, որ Սիրիայի ներկա իշխանությունների գործողությունները «չափազանց մեծ սպառնալիք» են ներկայացնում ազգային անվտանգությանն ու ԱՄՆ քաղաքական նպատակներին: Նախագահի խոսքով` Սիրիայի իշխանությունները շարունակում են աջակցել ահաբեկչությանը, սեփական քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումներ իրագործում ու խախտում մարդու իրավունքները: Օբաման կոչ է արել նախագահ Բաշար ալ Ասադին լքել նախագահի պաշտոնը և Սիրիայում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հնարավորություն տալ:


Արտակարգ դրության ռեժիմն ԱՄՆ-ը հաստատել է 2004-ին: Մինչ այսօր Վաշինգտոնը Դամասկոսի նկատմամբ քաղաքական ու տնտեսական պատժամիջոցների շարք է սահմանել, որոնք վերջին ամիսներին զգալիորեն ուժեղացվել են` արաբական աշխարհում ներքին հակամարտության պատճառով: Օբամայի վարչակարգը բազմիցս հայտարարել է, որ աջակցում է Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն նախկինի պես կշարունակի ճնշում գործադրել Ասադի ռեժիմի նկատմամբ` նրա հրաժարականին հասնելու նպատակով: