Պահի տակ տեղի է ունեցել. Վարդան Բոստանջյանը՝ քավորությունից հրաժարվելու մասին
4-րդ գումարման խորհրդարանի «Բարգավաճ Հայաստանի» նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը 17 տարի շարունակ շփվել է 4-րդ , 3-րդ 2–րդ և 1-ին գումարումների խորհրդարանների պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հետ և նրանից տեսել է միայն «մակարդակ»՝ ինչպես գործառութային, այնպես էլ մարդկային առումով։ Tert.am –ին ասաց Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով «Հայացք» թերթի երեկվա համարում տպագրված լուրը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրություններում Վիկտոր Դալլաքյանի կրած պարտության և որպես «հոգու մխիթարանք» նախարարի պաշտոն ստանալուց հետո հնարավոր է՝ Դալլաքյանը նրան նշանակի իր տեղակալ:
Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ, երբ Վիկտոր Դալլաքյանը հերթական հայտարարությունն էր արել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին, Վարդան Բոստանջյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով հրաժարվեց Վիկտոր Դալլաքյանի հետ քավորությունից:
Ի պատասխան հարցին՝«բայց չէ՞, որ Դուք հրաժարվել էիք Դալլաքյանի հետ քավորությունից», Վարդան Բոստանջյանը նշեց. «Մարդը հնարավոր է՝ սխալվի»:
Այսինքն՝ Վարդան Բոստանջյանը համարում է, որ ի՞նքն է սխալվել: Ի պատասխան, Վարդան Բոստանջյանն ասաց. «սխալվել չէ… ամեն ինչ պահի տակ տեղի է ունեցել»:
Նշենք, որ օրերս մամուլը գրել էր նաև, որ Վարդան Բոստանջյանը հնարավոր է՝ ստանա ԱԺ վերլուծական վարչության պետի պաշտոնը: Վարդան Բոստանջյանը հերքեց նման հեռանկարն ասելով, որ «անցյա՞լ, թե նախանցյալ դարում», ինքը հիշյալ վարչությունը ղեկավարել է:









