Քաղաքապետը, գլխավոր ճարտարապետը, փոխոստիկանապետը պետք է ենթարկվեն պատասխանատվության. ակտիվիստներ
Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարի ակտիվիստները հայտարարում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը և Ոստիկանության աշխատակիցներ՝ Վալերի Օսիպյանն ու Կարեն Մովսիսյանը պետք է ենթարկվեն պատասխանատվության, այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ԶԼՄ-ի ներկայացուցիչներին տեղեկացրեցին Մաշտոցի պուրակի ակտիվիստներ՝ Եղիա Ներսեսյանը , Ռուզան Գրիգորյանն ու Գոռ Հակոբյանը:
Իբրև քաղաքացիական պայքարի նվաճում՝ Մաշտոցի պուրակի ակտիվիստներն առանձնացրեցին երեք կարևոր կետ.
1-ին. պայքարի արդյունքում նրանց հաջողվեց հասնել կրպակների ապամոնտաժմանը, պուրակը վերանվաճվեց որպես հանրային տարածք և վերադարձվեց հանրությանը:
2-րդ. ակտիվիստների քայլերի արդյունքում ստեղծվեց քաղաքացիական պայքարի նոր որակ, քաղաքացիական շարժման նոր մշակույթ:
Ինչպես հայտարարեց Ռուզան Գրիգորյանը. «Պայքարի արդյունքում ինքնակազմակերպված քաղաքացիական շարժումը վերածվեց մի երկրում փոփոխության գործոնի, ուր «տարիներ շարունակ տիրել են քրեաօլիգարխիկ օրենքները, որտեղ սովորական քաղաքացին իրավազրկվել է, ունեզրկվել, ճնշվել ու ստրկացվել»:
Մաշտոցի պուրակում տեղադրված «բուծիկների» ապամոնտաժումը հնարավոր եղավ միայն այն պահից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց այգի և դիմելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ասաց .«Սա գեղեցիկ չէ, Տարոն» ու առաջարկեց լուծում տալ հարցին. ակտիվիստները նշում են, որ իրենց համար ընդունելի չէ լուծման նման եղանակը, այն է՝ «նախագահի ինստիտուտի կողմից իր սահմանադրական լիազորությունների չարաշահումն ու միջամտությունը խնդրի լուծմանը»:
90-օրյա պայքարից հետո, ակտիվիստները շարունակելու են ուշադրության կենտրոնում պահել Թեղուտի, Ջերմուկի, Քաջարանի բնապահպանական խնդիրները:
Մաշտոցի պուրակի ակտիվիստները պահանջում են՝ ոչ միայն պատասխանատվության ենթարկել քաղաքային իշխանություններին՝ Մաշտոցի պուրակում կրպակներ տեղադրելու մասին ապօրինի որոշումներ կայացնելու համար, այլև պահանջում են պատասխանատվության ենթարկել ոստիկաններին՝ իրենց սահմանադրական իրավունքները պաշտպանող խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու և անօրինական բերման ենթարկելու համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին ոստիկանության ներկայացուցիչները ուժ էին կիրառել Մաշտոցի պուրակի ակտիվիստների նկատմամբ, իսկ ավելի ուշ հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:
Ակտիվիստ Գոռ Հակոբյանը նշեց, որ անհասկանալի է, թե ինչո՞ւ է քրեական գործ հարուցել Ոստիկանությունը, երբ վերջինս այս գործում կողմ է համարվում: Գ. Հակոբյանը նկատում է, որ գործ պետք է հարուցվեր Հատուկ քննչական ծառայությունում: Հետևապես, նրանք հակընդդեմ դիմումով դիմել են ՀՔԾ՝ պահանջելով քրեական գործ հարուցել Ոստիկանության նկատմամբ:
Ինչպես նշեց ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը, այժմ Ոստիկանությունը փորձում է բանակցությունների մեջ ներքաշել իրենց, որպեսզի վերջիններս գնան զիջումների. «Բայց դա չի լինելու»,- հավաստեց ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը:









