Օբաման Եվրոպային խորհուրդ է տվել օրինակ վերցնել ԱՄՆ-ից

10:10 • 11.05.12

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ շոշափել է Եվրոպայում ճգնաժամի թեման: ԱՄՆ առաջնորդի խոսքով` Եվրոպայում ճգնաժամը շարունակվում է մինչ այսօր, քանի որ եվրոպացի առաջնորդները չձեռնարկեցին այն քայլերը, որոնք ժամանակին հասցրեց անել ԱՄՆ-ն, հայտնում է Reuters-ը:

 

Օբաման ընդգծել է, որ Եվրոպայի խնդիրները, ամենից զատ, բացասական ազդեցություն ունեն ամերիկյան տնտեսության վրա: Որպես ասվածի ապացույց` նա նշել է, որ տնտեսական աճի դանդաղման պատճառ են ապրանքաշրջանառության ծավալների նվազումն ու վառելիքի գների աճը:

 

«Մենք մինչ այսօր բախվում ենք խոչընդոտների: Եվրոպան դեռ ծանր կացության մեջ է գտնվում` նաև այն պատճառով, որ չձեռնարկեց ոչ մի միջոցառում անկման վաղ փուլում: Վառելիքի գները դեռ «հարվածում» են քաղաքացիների գրպաններին: Անշարժ գույքի շուկան դեռ շատ թույլ է: Սակայն կան նաև լավ նորություններ` մենք դուրս ենք գալիս այդ փոթորկից»,- ասել է նախագահը:
 

Օբաման, սակայն, չի մանրամասնել, թե ինչ պետք է անի Եվրոպան ճգնաժամը հաղթահարելու համար:


Ամերիկյան տնտեսության վիճակն ու, մասնավորապես, դրա աճի ցուցանիշները կարող են որոշիչ լինել Օբամայի համար` առաջիկա նախագահական ընտրություններում: Նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում Հանրապետական կուսակցությունից նրա հավանական թեկնածուն` Միթ Ռոմնին, քաղաքական «աչոկներ» է հավաքում հենց այդ թեմայի շուրջ` քննադատելով Սպիտակ տանն ու մասնավորապես Օբամային տնտեսությունը վերականգնելու ու գործազրկությունը վերացնելու հարցում անկարող լինելու համար: