ՄԱԿ-ում հայ դեսպանը խոսել է «Ալ-Քաիդային» հարող ահաբեկչական խմբերի հետ Ադրբեջանի կապի մասին

12:04 • 11.05.12

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի նախագահության ներքո մայիսի 10-ին տեղի է ունեցել ԱԽ հակաահաբեկչության հարցերով զբաղվող կոմիտեների զեկույցների քննարկում, որի ժամանակ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանի խոսել է հայ–ադրբեջանական սահմանին և շփման գծում իրադրության, ինչպես նաև «Ալ-Քաիդային» հարող ահաբեկչական խմբերի հետ Ադրբեջանի իշխանությունների կապի մասին։
Ըստ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության մամուլի հաղորդագրության՝ Ադրբեջանը փորձել է չարաշահել նախագահողի իր դիրքը` մերժելու համար հանդիպմանը ելույթ ունենալու Հայաստանի խնդրանքը` գիտակցելով, որ «հայկական կողմն անպատասխան չի թողնի անցած շաբաթ ՄԱԿ-ի այդ մարմնում Ադրբեջանի նախագահի ցինիկ և ստահոդ հայտարարությունները»:


ԱԽ անդամ երկրների ճնշման արդյունքում ադրբեջանական նախագահությունը ստիպված է եղել ելույթի հնարավորություն ընձեռել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանին:


Հաշվի առնելով ահաբեկչության հանցագործության անդրսահմանային բնույթը` Հայաստանի դեսպանը նշել է, որ այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության հիմնական խոչընդոտներից է հարևան երկրների հետ սահմանների փակ լինելն, ու խորը մտահոգություն հայտնել, որ միջազգային կառույցները հստակորեն մատնանշում են, որ Ադրբեջանի տարածքն ազատ օգտագործվում է տարբեր ահաբեկչական ու ծայրահեղ կրոնական խմբավորումների կողմից, որոնք այդ երկիրն իրենց հանցագործ գործունեության համար ապահով միջավայր են համարում:


Դեսպանը նաև հավելել է, որ այդ խմբավորումները կովկասյան տարածաշրջանով մեկ զբաղվել են մարդկանց, զենքի ու փողերի ապօրինի փոխադրմամբ, որի համար էլ միջազգային հանրությունը շարունակում է ահազանգել Ադրբեջանի կողմից ձեռնարկված անբավարար հակաահաբեկչական քայլերի առնչությամբ:


Դեսպան Նազարյանը նաև նշել է, որ հայտնի ու լավագույնս փաստագրված է Ադրբեջանի իշխանությունների կապն ալ-Քաիդային հարող ահաբեկչական խմբերի հետ, որոնք փորձել են պատերազմել Լեռնային Ղարաբաղի դեմ 90- ականների սկզբին և որ այդ պատճառով էլ անհրաժեշտ է դրսևորել զգոնություն` թույլ չտալու ահաբեկիչների հավաքագրումն ու ծայրահեղականների կողմից տարածաշրջանի փխրուն իրավիճակի կրկնակի շահարկումն ահաբեկչությունների ու սադրանքների միջոցով: