Արամ Սարգսյանը վայր է դնում մանդատը՝ չբացառելով ՀԱԿ–ից դուրս գալը
Լուսանկարը՝ Panarmenian Photo-ի
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դնում իր պատգամավորական մանդատը և հաջողություն է մաղթում ՀԱԿ–ին՝ առաջիկա խորհրդարանում գործունեության մեջ։
Ա. Սարգսյանն առաջիկայում կուսակցության ակտիվի հետ քննարկելու է ՀԱԿ–ի հետ հետագա հնարավոր համագործակցության ձևաչափը, և չի բացառվում ՀԱԿ–ից դուրս գալու հեռանկարը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արամ Սարգսյանը։ Նա նշեց, որ գերադասում է փողոցում մնացած 90%-ի հետ ելնել փողոց պայքարի, և պարզաբանեց, թե ինչու վերջին 15 օրերին չի պատասխանել լրագրողների հեռախոսազանգերին։
«Անցած ժամանակահատվածում ունեցել ենք տարաձայնություններ ՀԱԿ–ի գործունեության վեկտորների, ներքաղաքական զարգացումների, արտաքին դիրքորոշումների շուրջ, որոնց մասին ազատորեն բարձրաձայնել եմ իմ կարծիքը»,– ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահը, ով, իր խոսքերով, լինելով թիմային մարդ՝ վերջին շրջանում կաշկանդված էր իր կարծիքը հայտնելու, սակայն ԱԺ անցնելուց հետո այդ կաշկանդվածությունը չկա։
Արամ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել Tert.am–ի այն հարցին, թե կմասնակցի, թե՝ ոչ ապագա նախագահական ընտրություններին որպես թեկնածու։









