Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարարի հետ
Լիբանանի արտաքին գործերի նախարար Ադնան Մանսուրն ընդունել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանին: Ինչպես հայտնում է Լիբանանի «Ազդակ» օրաթերթը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ բարեկամական հարաբերություններին նվիրված հարցեր:
Ընդգծվել է միջազգային մակարդակով համագործակցության ու փոխադարձ աջակցության անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում դեսպան Քոչարյանը ներկայացրել է Երևանում Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը` Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակմանը նվիրված միջոցառումների մանրամասները` շեշտելով, որ միջոցառումներին Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լեյունի ու Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադի ներկայությունը կնպաստեն Լիբանանի ու Հայաստանի միջև հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև Բեյրութ- Երևան քույր քաղաքների համագործակցության խորացմանը:
Քննարկվել են նաև Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մանրամասները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում գրանցված վերջին զարգացումները:









