Ավտովթար՝ Կոտայքի մարզում. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)

20:56 • 11.05.12

Այսօր՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:


Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Անուշ-Աղվերան առողջարանային համալիրի ճանապարհին իրար են բախվել «Լադա 2110» մակնիշի 673 ԼԼ 64 համարանիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի 42 ՏՏ 980 համարանիշի ավտոմեքենաները:


Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն:


Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:


ՃՈ աշխատակիցները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխած անձինք Կոտայքի մարզի Արզաքան համայնքի բնակիչներ են՝ 45-ամյա Տարոն Անտոնյանը, 44-ամյա Տաթևիկ Մովսիսյանը, 54-ամյա Գայանե Մալոյանը, ինչպես նաև «Վազ 2106»-ի վարորդ, 35-ամյա Հրաչ Մովսիսյանը:


Դեպքի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի քննչական խումբը՝ բաժանմունքի պետ Արման Զարգարյանի գլխավորությամբ:


Պարզվել է, որ «Լադա 2110»-ի վարորդը եղել է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Արսեն Մուրադյանը:
Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:


Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանոմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

Ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Չարենցավանի բաժնի տուգանային հրապարակ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի