Մեկնարկում է «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը (լուսանկարներ)

15:45 • 11.05.12

Այսօր ազդարարվեց Հայաստանի թերևս ամենակարևոր կինոիրադարձության սկիզբը` ՀՀ Մշակույթի նախարարությունում կազմակերպված ասուլիսով` մասնակցությամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ղեկավարների` ի դեմս ռեժիսոր, փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանի, կինոքննադատ, փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանի, կինոգետ, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանի, և փառատոնի աջակիցների` ի դեմս ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ու Վիվա Սել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի:

Փառատոնի կազմակերպիչները համառոտ ներկայացրեցին այս տարվա փառատոնի ծրագրերը` խոստանալով մանրամասներ ներկայացնել և ինչպես միշտ անակնկալներ մատուցել առաջիկայում: Մասնավորապես` հայտնի դարձավ, որ այս տարի փառատոնը ավելի քան 1000 հայտ է ստացել աշխարհի շուրջ 70 երկրներից:


Այս տարի «Ոսկե ծիրանի» ժյուրիի նախագահը իսպանացի նշանավոր կինոռեժիսոր, 2010-ին Կաննի կինոփառատոնի գլխավոր ժյուրիի անդամ Վիկտոր Էրիսեն է: Մրցութային ծրագիրը կպահպանի 4 մրցույթները` Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական, Հայկական համայնապատկեր և Կորիզ: Վերջինս նախաձեռնվել է 2011-ին, դրա շրջանակներում ներկայացվում են երիտասարդ կինոռեժիսորների կարճամետրաժ աշխատանքներ:


Հարուստ ֆիլմացանկով կներկայանան Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ և Հարգանքի տուրք ծրագրերը: Փառատոնի բացման ֆիլմը կլինի Սերգեյ Սոկուրովի «Ֆաուստը»:


Փառատոնի շրջանակներում արդեն 6-րդ անգամ կկազմակերպվի «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ կինոարտադրության ֆորումը, որն իրականացվում է Եվրամիության աջակցությամբ: Ինչպես նաև ծրագրվում է անցկացնել «Լրագրություն առանց սահմանների» խորագրով դասընթաց միջազգային բարձրակարգ մասնագետների և Արևելյան գործընկերության երկրների երիտասարդ կինոգետների, կինոքննադատների մասնակցությամբ:


Այս տարի «Ոսկե ծիրանն» առավել սերտ առնչություններ կունենա նաև այլ մշակութային նախաձեռնությունների հետ, մասնավորապես` Երևանի` 2012-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման տոնակատարությունների, ինչի առթիվ կիրականացվի նոր ծրագիր` «Գիրք և կինո»: Վերջինիս շրջանակներում կներկայացվեն հայ և համաշխարհային դասականների ստեղծագործությունների լավագույն էկրանավորումները:


Նաև լրագրողների միջամտությամբ բարձրացվեց փառատոնի համար շատ կարևոր այնպիսի հարց, ինչպիսին է փառատոնային կենտրոնի ստեղծումը, որի մասին խոսվում է արդեն մի քանի տարի: Պատասխանելով այս հարցադրմանը` Հասմիկ Պողոսյանն ասաց, թե Մշակութային խորհուրդը ներկայում 3 հրատապ հարց է քննարկում, որոնցից մեկը հենց «Ոսկե ծիրանին» նման շենքով ապահովելու հարցն է:


Լրագրողների առաջարկով ռեժիսոր Հարություն Խաչատրյանը խոսեց նաև Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելուց և հայ-թուրքական կինոհարաբերություններից: Նա պատմեց, որ իրենք մի անգամ ադրբեջանական ֆիլմ ցուցադրել են իրենց փառատոնում, բայց դա եղել է այնպիսի աշխատանք, որը ներկայացրել է իսկական Ադրբեջանը` «հանքահորերի մոտ մեռնող սովահար մարդկանցով»: Ըստ ռեժիսորի` եթե թշնամու ֆիլմեր ցուցադրել, ապա միայն նրանց թույլ կողմերը հասկանալու համար: Խաչատրյանը տեսակետ հայտնեց նաև, որ երբ կինոգործիչներն են կինոն օգտագործում որպես մշակութային քաղաքականության զենք, դա ընդունելի է, իսկ քաղաքական գործիչների կինոնկրտումները` ոչ:


Ինչ վերաբերում է «Ոսկե ծիրանի» միջոցով իրականացվող Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմին, ապա ռեժիսորը բարձր է գնահատում նաև թուրք կինոգործիչների սցենարները, որոնք բավականին հայանպաստ են ու համարձակ: Իրեն հատուկ անկեղծությամբ Խաչատրյանն ասաց, որ եթե Սորոսի պես բարեկամ ունենար, ապա կֆինանսավորեր հենց այդ ֆիլմերը:


Լրագրողներին ներկայացվեց նաև «Ոսկե ծիրանի» այս տարվա պաստառը, որը ինչպես միշտ մինիմալիստական ու զուսպ էր և արդեն փառատոնին ու թերևս հենց Կինեմատոգրաֆին բնորոշ գույներով:


Պատասխանելով Tert.am-ի այն հարցին, թե ինչ կինոնախասիրություններ ունեն այն մարդիկ, որոնք կինոգործիչներ չեն, սակայն տարիներ շարունակ «Ոսկե ծիրանի» կողքին են, ինչպես Հասմիկ Պողոսյանը և Ռալֆ Յիրիկյանը, վերջիններս ավելի դասական ստեղծագործությունների տվեցին իրենց նախապատվությունը: Հասմիկ Պողոսյանն ասաց, թե իր համար անընդունելի է կինոյին զուտ որպես ժամանցի ձևի վերաբերելը, և այդ ձևաչափում ստեղծված գործերն իրեն չեն հետաքրքրում: Նախարարը, այլ օրինակ բերելով, անկեղծացավ, թե երեկ առիթ է ունեցել նորից լսելու Hotel California երգը և կարծում է` հենց նման օրինակները պետք է նկատի ունենալ` իսկական, մնայուն արժեքների մասին խոսելիս: Նա նաև առաջարկեց, որ հաջորդ տարվա հոբելյանական «Ոսկե ծիրանի» պաստառի համար մրցույթ հայտարարվի:


Վիվա Սել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, խոսելով իր կինոնախասիրությունների մասին, հայտնեց, որ կարևորում է պատգամի առկայությունը որևէ ստեղծագործության մեջ: Ինչպես նաև այն հանգամանքները, որոնք թույլ են տալիս ոչ միայն անձամբ գնահատել այս կամ այն գործը, այլև համարձակորեն խորհուրդ տալ նաև ուրիշներին: