Ֆրանսիայի ապագա վարչապետ կարող է դառնալ դատվածություն ունեցող պատգամավորը
Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի կուսակիցները սոցիալիստ պատգամավոր և վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդի` Ժան-Մարկ Էյրոյի դատվածությունը խոչընդոտ չեն համարում նրան կառավարության ղեկավար նշանակելու համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Օլանդը մտադիր է ապագա վարչապետի անունը հայտարարել մայիսի 15-ին` երդման արարողությանը օրը: Ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկություններով, գլխավոր թեկնածուն Էյրոն է, ով Ազգային ժողովում սոցիալիստների ֆրակցիան է գլխավորում:
Երբ Էյրոն Նանտ քաղաքի քաղաքապետն էր, 1997թ. նա վեց ամսվա կալանքի էր դատապարտվել, որը կրել է պայմանական: Մեղադրվել էր հովանավորչության համար: Նրան մեղավոր էին ճանաչել այն բանում, որ պետական պայմանագիրը անօրինական կերպով տրամադրել էր մի ընկերության, որի տնօրենը Սոցկուսակցության հովանավորներից էր: Մի խոսքով, կոռուպցիայի որոշակի դրսևորում էր:
Սակայն Էյրոն կարծում է, որ իր դատվածությունը որևէ կերպ իր անձնական պարկեշտությունը կասկածի տակ չի դնում:
«Երբեք խոսք չի եղել անձնական հարստացման կամ քաղաքական կուսակցության ֆինանսավորման մասին: Ես արդար մարդ եմ եղել, այդպիսին էլ շարունակում եմ լինել», - հայտարարել է սոցիալիստ պատգամավորը:









