ԿԸՀ–ի դիմաց հացադուլ անողն այս գիշեր անցկացրել է ընկերների «վերահսկողության» ներքո

10:16 • 11.05.12

Այս գիշեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հացադուլ անող՝ «Սարդարապատ» շարժման անդամ Արտավազդ Վարդանյանի հետ արտառոց դեպքեր տեղի չեն ունեցել. նրան չեն առևանգել և հացադուլավորը գիշերն անցկացրել է իր կողքին հերթապահող ընկերների վերահսկողության ներքո, այս մասին Tert.am-ին ասաց ինքը՝ Արտավազդ Վարդանյանը:


«Ի դեպ, ինձ մոտենում և իրենց աջակցությունն են հայտնում քաղաքացիներ, մարդիկ, որոնց չեմ ճանաչում»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց Վարդանյանը:


Չնայած երեկ, օրվա երկրորդ կեսին, կարծես լուծված էր համարվել հացադուլավորի համար վրան տեղադրելու հարցը, սակայն Ոստիկանության ներկայացուցիչները թույլ չէին տվել՝ ասելով, որ դա խաթարում է մարդկանց տեղաշարժը:


«Ապուշ պատասխան, կարելի է եղևնու վերևում (ԿԸՀ շենքի դիմաց՝ եղևնու մոտ է նստում հացադուլավորը-Tert.am) ցուցանակ տեղադրել, որպեսզի մարդիկ շրջանցեն այդ հատվածը»,- ասաց հացադուլավորը:


Հիշեցնենք, որ արդեն իններորդ օրը հացադուլի մեջ գտնվող Արտավազդ Վարդանյանն, ով իր հացադուլով պահանջում է «այլընտրանքային ընտրություններ», իրեն ֆիզիկապես թույլ է զգում ու բացի արևից ու անձրևից պաշտպանվելը, վրան է պահանջում՝ երբեմն-երբեմն պառկելու համար: Մայիսի 9-ի գիշերը լույս 10-ի առավոտյան Արտավազդ Վարդանյանին անհայտ անձինք առևանգել էին, ավտոմեքենայով տարել և իջեցրել էին իր տան դիմաց և հորդորել չգալ ԿԸՀ–ի դիմաց։


Վարդանյանի հետ զրույցում տեղեկացանք, որ քիչ առաջ՝ մայրաքաղաքում տեղացած անձրևից ինքը չի թրջվել, որովհետև մտել է Դրամատիկական թատրոնի շենք և այնտեղ պատսպարվել:


Թե ե՞րբ կդադարեցնի հացադուլը, Վարդանյանը դեռ չի որոշել: Հարցին՝ ինչպե՞ս է իրեն զգում, պատասխանեց՝ «հարմար»:


Նշենք, որ հացադուլավորին պարբերաբար այցելող բժիշկները նրան տեղեկացրել են, որ արյան ճնշումը բարձր է և առաջարկել իջեցնող դեղեր ներարկել, սակայն ընդդիմադիր ակտիվիստը մերժել է՝ ասելով, որ գտնվում է հացադուլի մեջ և չի ցանկանում, որ իր օրգանիզմ մտնեն ավելորդ նյութեր: