Մրցույթ՝ Իրանի բուհերում սովորելու համար. ՀՀ ԿԳ

13:59 • 11.05.12

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2012-2013 ուսումնական տարում Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով։

 

Նախարարությունն առաջարկում է 2 բուհական, 2 մագիստրոսական և 2 ասպիրանտական կրթաթոշակ:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները, ինչպես նաև ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները:

 

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,

•դիմում-հարցաթերթիկ,

•իրանական կողմից ներկայացված հարցաթերթիկը,

•ինքնակենսագրություն (CV- անգլերեն),

•ավարտական դիպլոմի և միջուկի, իսկ ավարտական կուրսի/դասարանի ուսանողներն առաջադիմության թերթիկի (ակադեմիական տեղեկանքի) պատճենները` նոտարի կողմից անգլերեն կամ պարսկերեն թարգմանված,

•անձնագրի պատճենը,

•բժշկական տեղեկանք/հավերված (անգլերեն լեզվով),

•3x4 չափի 5 լուսանկար,

•արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Հետբուհական կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև.

•ռեֆերատ՝ հայերեն լեզվով,

•օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ կրթության և գիտության նախարարի 30.11.2010 N 1660-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:

Հետբուհական (ասպիրանտական) կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև`

• ռեֆերատ,

• օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ կրթության և գիտության նախարարի 25.11.2011 N 1256-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:

Մրցույթը անցկացվում է.
•Բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի:

•Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:

•Ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգի:

 

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 22.05.2012թ. /ներառյալ/:
Մրցույթը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ մայիսի 29-ից հունիսի 5-ը ընկած ժամանակահատվածում:

 

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար
կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Միջազգային համագործակցության բաժին (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):