Կրոնական տարբերությունները խոչընդոտ չեն հայ–իրանական հարաբերություններում. Արմեն Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳ նախարարության մամլո ծառայությունը, Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` նշելով, որ կրթության և գիտության ոլորտում ավանդաբար լավ հարաբերություններ ունեցող հայ-իրանական կապերը դեսպանի անձնական ներգրավման շնորհիվ նոր հեռանկարներ և զարգացումներ են ստացել:
Արմեն Աշոտյանն ասել է. «Իրանի Իսլամական հանրապետություն կատարած պաշտոնական այցելություններն անջնջելի տպավորություն են թողել ինձ վրա` Իրանի քաղաքակրթության, ժողովրդի և պետության զարգացման տեսանկյունից»:
«Կրոնական տարբերությունները երբեք խոչընդոտ չեն կարող լինել նույն արժեքների վրա խարսխված ժողովուրդների հարաբերությունների համատեքստում: Ուզում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել մեր հայրենակիցների անունից, որոնք, լինելով ԻԻՀ քաղաքացի, հնարավորություն է ընձեռվել կրթություն ստանալ մայրենի լեզվով և չկորցնել ազգային ինքնությունը»,– ավելացրել է նախարարը և երկու երկրների ժողովուրդներին մաղթել խաղաղություն և բարեկեցություն:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղաիան, ի մի բերելով իր պաշտոնավորման չորս տարիները, նշել է, որ վերջին տարիների ընթացքում հիմք է դրվել արդյունավետ համագործակցության` մի շարք փոխայցելություններ, երկկողմ պայմանագրեր, որոնց արդյունքում մեծացել է ԻԻՀ ուսանողների հոսքը հայաստանյան բուհեր, ինչպես նաև արձանագրվել է մեծ առաջընթաց գիտակրթական ոլորտում:Դեսպանն ընդգծել է, որ երբեք չի մոռանա հայ ժողովրդի ջերմությունն ու հյուրընկալությունը և հույս հայտնել, որ այսուհետ ևս նախանշված բոլոր ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:









