Հայտնի երգիչը, ով սպանել էր դատարանի աշխատակցին, կալանավորվեց (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 11-ին, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը:
Ինչպես Արագածոտնի մարզից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր տեղափոխվել «երգիչ Կարեն» մականունով Ռուբեն Հակոբյանը:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Արսեն Վարդանյանը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի Ռ.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը:
Դատավոր Ռուբեն Խաչատրյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց քննիչի միջնորդությունը, և Ռ.Հակոբյանը դատարանից տեղափոխվեց Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 9-ին ոստիկանությունը բացահայտել էր նախօրեին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակցի՝ Աշտարակ քաղաքի բնակիչ 37-ամյա Արամ Հովակիմյանի սպանությունը։
Ըստ տեղեկությունների՝ սպանությունը տեղի է ունեցել Ռ.Հակոբյանի և Ա. Հովակիմյանի միջև կենցաղային և անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։ Կրակոցներ արձակելուց հետո Ռ. Հակոբյանը դեպքի վայրից հեռացել է «Պրադո» մակնիշի 18 MM 888 համարանիշի ավտոմեքենայով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









