ԱԺ ընտրություններով նախագահն ապացուցեց, որ երկիշխանություն այլևս գոյություն չունի. Լարիսա Ալավերդյան
«ժառանգության» խմբակցության դեռևս գործող պատգամավոր Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Ազգային ժողովի ընտրությունները որևէ նորություն չբերեցին և որ դրանով նախագահն ապացուցեց, որ բոլոր լծակներն իր ձեռքում են։
«Գործող նախագահն ապացուցեց, որ երկիշխանություն այլևս գոյություն չունի և նախագահական ընտրություններից առաջ հստակ լծակներն իր ձեռքին են. գոնե հիմա, Հանրապետական կուսակցությունն է տիրում քաղաքական դաշտում»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա։
«Բայց ԱԺ-ում լինելու են առնվազն երկու բևեռներ, երկուսն էլ իշխանական: Հասարակությունը որևէ նոր բան չշահեց, նույն իշխանությունն է, բայց «վերմակը ձգելու» գործընթացը խորհրդարանում դեռ կերևա: Մենք կշարունակենք ունենալ իշխանության մեջ փոքր-ինչ երկբևեռանոց խորհրդարան»,- ավելացրեց Լարիսա Ալավերդյանը:
Անդրադառնալով բուն ընտրական գործընթացին` Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այն դրական է համարում:
«Քաղաքացիական հասարակությունը քայլ առ քայլ գալիս է այն իմացության մակարդակին, որ առանց իր կոշտ միջամտության, որևէ նոր գործընթաց չի կարող տեղի ունենալ»,- ասաց նա:
Որպես ասվածի ապացույց, Լարիսա Ալավերդյանը նշեց ձևավորված բլոգերների հանրությանը, քաղաքացիական հասարակության լայն ընդգրկումը դիտորդական գործընթացների մեջ:
«Որակական առումով դիտորդական առաքելությունը մնում է նույն, թույլ վիճակում: Արդյունավետության առումով, առաջընթաց չենք ունեցել: Քաղաքացիական հասարակությունը պետք է ավելի հմտանա` իր դիտարկումը իրավական փաստ դարձնելու գործում»,-նկատեց Լարիսա Ալավերդյանը` նշելով, որ բոլոր զարգացած երկրներում էլ քաղաքացիական հասարակությունն անցել է զարգացման այդ ճանապարհը:









