«ժառանգություն»-ը և ՀՀԿ-ն դաշինք չեն կազմի. Լարիսա Ալավերդյան

14:06 • 11.05.12

«Ժառանգության» կուսակցության դեռևս գործող պատգամավոր, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, «ժառանգության»-ը Հայաստանի հանրապետական կուսակցության հետ միևնույն դաշինքում մեջ չի պատկերացնում:


«Ես ցավագին կընդունեմ, եթե այն գիծը, որն ընտրել է մեր թիմը 2007թ-ին, չկարողանա պահել: Ինչքանով նոր, «բազմակարծիք» թիմը կկարողանա դա անել, դա իր խնդիրն է»,– ասաց նա:


«Եթե գիծը պահել չկարողանա, ես ցավագին կընդունեմ: Լինի օրենսդրական նախաձեռնություն, հայտարարություն, թե՝ հարցուպատասխան, եթե չկարողանա իր որդեգրած քաղաքականությանը հոգեհարազատ մնալ, սա ես ցավագին կընդունեմ: Բայց հուսանք, որ լավ կլինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լարիսա Ալավերդյանը:


Նա նկատեց, որ 2007 թ-ին խորհրդարան չներկայացած ընդդիմությունը մեղադրում էր խորհրդարանում 7 մանդատ ստացած «Ժառանգությանը»՝ մանդատները վայր չդնելու մեջ:


«Հիմա բոլոր այն ուժերը , որոնք մտել են խորհրդարան ավելի ձայներ չեն հավաքել, քան «Ժառանգությունը», գրեթե նույն տոկոսներն են: Ես ուրախ եմ, որ ոչ մեկը չի պահանջում իրենցից՝ վայր դնել մանդատները, բայց ուզում եմ ասել, որ միշտ, քաղաքական ուժը, երբ մի բան է անում՝ ներկայով չմտածի, այլ գոնե 5 տարի առաջ նայի»,- խորհուրդ տվեց Ալավերդյանը` ավելացնելով, որ այդ դեպքում քաղաքական մշակույթը շատ ավելի ընդունելի կդառնա:


Լարիսա Ալավերդյանը չցանկացավ «գուշակություններ անել» հնարավոր կոալիցիաների մասին, սակայն նշեց, որ կասկածում է արդյունավետ դաշինքների կազմման հնարավորությանը և կարծում է, որ դրանք հիմնված կլինեն ոչ թե հասարակական շահի, այլ՝ հաշվարկների վրա:


«Եթե ես լինեի «Բարգավաճ Հայաստանի» տեղը, միանգամից կոալիցիա չէի մտնի։ Ես իրենց տեղը լինեի, այլընտրանք կդառնայի: Ես չեմ կարծում, որ այլընտրանք և գործող իշխանություն խաղն ավարտված է»,- ասաց նա:
Ի դեպ, Լարիսա Ալավերդյանն իր գործունեությունը կշարունակի հասարակական դաշտում և կդասախոսի համալսարանում: