Մեզ համար նորություն չէր, որ Արամ Սարգսյանը հրաժարվելու է մանդատից. Լևոն Զուրաբյան

15:35 • 11.05.12

«Մեզ համար նորություն չէր, որ Արամ Սարգսյանը հրաժարվելու է մանդատից, նա այդ մասին հրապարակավ վաղուց էր ասել»,– Tert.am–ին ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ արձագանքելով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կողմից պատգամավորական մանդատից հրաժարվելու քայլը մեկնաբանելու մեր խնդրանքին։


Եթե Սարգսյանի պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին ՀԱԿ համակարգողը տեղյակ էր, ապա փոխարենը որևէ մեկնաբանություն չուներ ՀԱԿ–ից՝ նրա դուրս գալու հնարավորության մասին։


«Ոչ մի մեկնաբանություն չունեմ»,– ընդգծեց Լևոն Զուրաբյանը, երբ հարցինք, թե ինչպես է վերաբերում Արամ Սարգսյանի այն հայտարարությանը, որով նա չի բացառել նաև ՀԱԿ–ից դուրս գալու հնարավորությունը։


Ինչ վերաբերում է Կոնգրեսի հետ հակասություններ և տարաձայնություններ ունենալու մասին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հայտարարությանը, Լևոն Զուրաբյանը նշեց. «Ո՞ր հարցի շուրջ են տարաձայնությունները եղել։ Երբ առարկայական խոսակցություն լինի, այն ժամանակ էլ կխոսենք»։


Հիշեցնենք, որ ՀԱԿ դաշինքի առանցքային կուսակցություններից մեկը համարվող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին՝ միաժամանակ չբացառելով նաև ՀԱԿ–ից դուրս գալու հնարավորությունը։ Նա նաև հաջողություն է մաղթել ՀԱԿ–ին՝ խորհրդարանական գործունեության մեջ։