Իտալացին պատահմամբ դարձել է քաղաքապետ

12:01 • 11.05.12

Իտալիայի 50-ամյա բնակիչ Ֆաբիո Բորզատին անսպասելիորեն դարձել է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Չիմոլայս բնակավայրի քաղաքապետ: Ինչպես գրում է իտալական Vanity Fair ամսագիրը, Բորզատին քաղաքապետ դառնալու ցանկություն ընդհանրապես չի ունեցել: Նրան քաղաքապետի թեկնածուների ցանկում ներառել է իր ընկերը` Չիմոլայսի արդեն նախկին քաղաքապետ Ջինո Բերտոլոն:

 

Ինչպես տղամարդն է պատմել, իր քաղաքապետ ընկերը մինչ ընտրությունները դիմել է իրեն և խնդրել առաջադրել իր թեկնածությունը: Բորզատին էլ, ընկերոջը չմերժելու համար, համաձայնել է` վստահ լինելով, որ նա, միևնույն է, չի հաղթի, և կրկին կվերընտրվի գործող քաղաքապետը:

 

«Բերտոլոյի օգտին է քվեարկել իմ ամբողջ ընտանիքը»,- խոստովանել է նա:

 


Սակայն, ի զարմանս թեկնածուի, նրա օգտին են իրենց ձայները տվել է Չիմոլայսի 160 բնակիչ, երբ նրա 65-ամյա ընկերոջ օգտին են քվեարկել 117-ը:

 

Բորզատին հայտնել է, որ ապշած է ընտրությունների արդյունքներից, սակայն չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից: Նախկին քաղաքապետ Բերտոլոն էլ հայտարարել է, որ չի ընկճվել:

 

Նշենք, որ փոքրիկ բնակավայրում ապրում է 507 մարդ: