Հայաստանում կգործարկվի առևտուր բջջային հեռախոսի միջոցով ծառայությունը

16:22 • 11.05.12

Առաջին անգամ Հայաստանում «Յունիբանկը» կգործարկի mobile commerce` առևտուր բջջային հեռախոսի միջոցով ծառայությունը:

 

Այսօր, այս առիթով կազմակերպվել էր սեմինար, որի ժամանակ «Յունիբանկի» վարչության նախագահի տեղակալ Մեսրոպ Հակոբյանը նշեց, որ ծառայությունը հնարավորություն է տալիս մարդկանց վճարումներ կատարել առևտրային կետերում՝ հեռախոսի միջոցով։

 

«Ծառայության միջոցով հաճախորդները կկարողանան կառավարել իրենց բանկային հաշիվները, կատարել դրամական՝ քարտից քարտ փոխանցումներ, ինչպես նաև, առևտուր կատարել առևտրային կետերում»,- ասաց Մ. Հակոբյանը:

Նա նաև նշեց, որ ծառայությունը մշակել են Boomerang Software և Gallery Systems ընկերությունները:

 

Վերջինս տեղեկացրեց, որ գործարքների իրականացումից կարող են օգտվել միայն սմարթֆոն ունեցող հաճախորդները: Այդ նպատակով հեռախոսներում կտեղադրվի հատուկ ծրագիր։

«Ցանկացած հաճախորդ, ով ունի սմարթֆոն՝ այս ծառայությունից չի հրաժարվի»,- հավատացրեց Մեսրոպ Հակոբյանը:

 

Ծառայության տարածման համար, նրա խոսքով, համագործակցելու են նաև բջջային հեռախոս վաճառող ընկերությունների հետ:

«Նշված ծառայությունը լինելու է հասանելի: Ծրագիրը մաքսիմալ պարզ է, որևէ բարդություն չկա: Շեշտը դրված է անվտանգության և հարմարավետության վրա»,– ավելացրեց Մեսրոպ Հակոբյանը։

Մ. Հակոբյանի տեղեկացմամբ, ծառայությունը սկզբնական շրջանում լինելու է անվճար, իսկ այնուհետև վճարը կլինի շատ սիմվոլիկ` 100 դրամ. «Հաճախորդները, համոզված եմ, գոհ կլինեն նշված ծառայությունից»։

 

Վերջինս նշեց, որ «Յունիբանկը» նախատեսում է առաջին տարվա ընթացքում, ներգրավել մինչև 30-40 հազար հաճախորդ:

«Դա կլինի մեզ համար լավ ցուցանիշ, հետո կաճի, քանի որ ողջ աշխարհում այս ծառայության մեծ պահանջարկ կա: Հնարավոր չէ, որ ամբողջ աշխարհը նշված ծառայությունն ընդունի, իսկ Հայաստանում այն չզարգանա»,- ասաց նա:

 

Թե որքա՞ն գումար է ներդրվել ծրագրի իրականացման համար, վարչության պետը հրաժարվեց նշել` պատճառաբանելով, թե դա կոմերցիոն գաղտնիք է, բայց ասաց, որ բավականին լուրջ գումարներ են ներդրվել: