ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ Վրաստանին ընդունել ՆԱՏՕ. Պետդեպ
ԱՄՆ-ն պատրաստ չէ խոսել Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցության ժամկետների մասին, սակայն, նախկինի պես, կաջակցի Թբիլիսիին` դաշինքին անդամակցության պահանջների իրականացման հարցում: ԱՄՆ-ի Սենատի միջազգային հանձնաժողովի լսումների ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
«ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Վրաստանին միտված է աջակցել երկրի ռազմական բարեփոխումներին, ինչպես նաև ընդլայնել նրա հնարավորություններն Աֆղանստանում գործող անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում (ISAF) և ապահովել ՆԱՏՕ-ի պահանջների կատարումը: Հունվարին նախագահներ Բարաք Օբաման ու Միխեիլ Սաակաշվիլին պայմանավորվել էին խորացնել այդ համագործակցությունը»,- ասել է Գորդոնը:
Նրա խոսքով` Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին հասել է մեծ հաջողությունների և դաշինքին միանալու ցանկություն է դրսևորում, սակայն դրան պետք չէ սպասել մոտ ապագայում: Գորդոնը հիշեցրել է, որ ԱՄՆ վարչակազմն արդեն հայտարարել է, որ Չիկագոյում մայիսի 20-21-ին նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին դաշինքին Վրաստանի անդամակցության հարցը չի քննարկվի:
Մարտի վերջին Վրաստանում ԱՄՆ դեսպանի նշանակման լսումների ժամանակ, դեմոկրատ սենատոր Ջին Շահինը հայտարարել էր, որ Վրաստանը դաշինքին անդամակցության համար պետք է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնի: Նրա խոսքով` «ժողովրդավարության թեստը» կլինեն աշնանը սպասվող խորհրդարանական ընտրությունները:









