Նունե Եսայանը ստամբուլյան համերգից առաջ խաղաղության կոչ է արել
Նունե Եսայանն այսօր համերգ կունենա Ստամբուլում:
Համերգից առաջ Hurriyet daily-ին տված հարցազրույցում Նունե Եսայանը բարեկամության «մեսիջ» է հղել:
«Այո, սահմանը քաղաքական նկատառումներով փակ է, բայց մեր սրտերն են բաց: Ես չեմ հավատում, որ երաժշտությունը կարող է սահմաններ ունենալ»,- ասել է նա:
Երգչուհին Ստամբուլում կմնա ևս 4 օր: Նա նշել է, որ ամենից շատ ցանկանում է տեսնել Այա Սոֆիայի տաճարը և Թոփքափըյի պալատը:
Նա հիշեցրել է, որ Ստամբուլում նման համերգ կազմակերպելը եղել է սպանված լրագրող Հրանտ Դինքի մեծագույն երազանքներից մեկը:
«Ես Ստամբուլում եմ` իրագործելու այդ երազանքը: Հայերը Ցեղասպանությունից մնացած մեծ սպիներ ունեն, սակայն դա մեզ չի խանգարում նայել ապագային»,- ասել է նա:
Նունե Եսայանը նաև հետաքրքրված է թուրք արվեստագետների հետ համատեղ համերգ կազմակերպելու գաղափարով, որն ուղղված կլինի «խաղաղ ապագային», և ճիշտ հաղթանակ» կնշանակի:
Երգչուհին ասել է, որ տարիներ առաջ ինքը հրեական համայնքից թուրք հանրահայտ երգչուհի Հուլիա Ավշարի հետ համատեղ համերգով հանդես գալու առաջարկ է ստացել, սակայն մերժել է. «Իհարկե, ես կցանկանայի մասնակցել նման համերգի, բայց ինչո՞ւ հրեական համայնքը պետք է միջնորդ հանդիսանա երկու հարևան երկրների` Հայաստանի և Թուրքիայի միջև: Դա ինձ համար անընդունելի էր: Ես կարծում եմ, որ մենք միջնորդների կարիք չունենք»,- ասել է նա:










