Օբաման Ջորջ Քլունիի տանը հրավիրված ընթրիքի ժամանակ ռեկորդային գումար է հավաքել
Նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում վերընտրվել ցանկացող Բարաք Օբամայի ընտրական շտաբը հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջորջ Քլունիի տանը հրավիրված ընթրիքի ժամանակ նախընտրական նպատակներով զգալի գումար է հանգանակել, գրում է The Los Angeles Times-ը:
Լոս Անջելեսում գտնվող Քլունիի տան բակում անցկացված ընթրիքի ժամանակ շտաբը հավաքել է մոտ 15 մլն դոլար: Աստղային ընթրիքին ներկա են եղել Բարբրա Սթրեյզանդը, Թոբի Մաքգուայերը, Ռոբերտ Դաունի կրտսերը, Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլարաիգոսան, այլ հանրահայտ մարդիկ: Դերասանի տանն ընթրելու համար մոտ 150 հյուրերից վճարել են 40- հազարական դոլար:
Ընթրիքի նախօրեին Օբամայի շտաբը համազգային վիճակախաղ է անցկացրել. վճարելով նվազագույն` 3 դոլար կանխավճար, ամերիկացիները կարողացել էին մասնակցել աստղային միջոցառման տոմսերի խաղարկմանը: Արդյունքում` մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ, վճարելով միջինը 23-ական դոլար, ապահովել են գումարի երկու երրորդը:
Ընթրիքի ժամանակ Օբաման 19-րոպեանոց ճառ է ասել: Նա, մասնավորապես, հիշեցրել է, որ նախօրեին կողմ է արտահայտվել միասեռ ամուսնություններին: Բացի այդ, նա թվել է 4 տարում իր ունեցած ձեռքբերումները նախագահի պաշտոնում` Իրաքում պատերազմի ավարտ, «Ալ Կաիդա»-ի դեմ պայքար, առողջապահության ոլորտի բարեփոխումներ:









