Բայդենը ներողություն է խնդրել Օբամայից` նրանից առաջ ընկնելու համար

08:41 • 11.05.12

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը ներողություն է խնդրել նախագահ Բարաք Օբամայից` միասեռ ամուսնություններին աջակցություն հայտնելու հարցում նախագահից առաջ ընկնելու համար, հայտնում է ABC հեռուստաալիքը` վկայակոչելով ԱՄՆ վարչակարգի աղբյուրներին:

 

Բայդենը մայիսի 6-ին MSNBC –ին տված հարցազրույցում հայտնել էր, որ ոչ մի վատ բան չի տեսնում միասեռ ամուսնությունների հարցում: Օրեր անց` մայիսի 9-ին, Օբաման ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ միասեռ զույգերին պետք է ամուսնանալու հնարավորություն ընձեռվի: Նման հայտարարարություն նախագահն արել է պատմության մեջ առաջին անգամ` հաշվի առնելով նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները, որոնցում նա ցանկանում է վերընտրվել:


Հինգշաբթի հեռուստաալիքը հայտնել էր, որ Օբամայի հայտարարությունը ծրագրված է եղել մեկ շաբաթ անց, սակայն Բայդենի հայտարարությունից հետո, ԱՄՆ վարչակարգը ստիպված է եղել փոփոխություններ մտցնել Օբամայի գրաֆիկում:

 

ԱՄՆ վարչակարգի աղբյուրը հայտնել է, որ Բայդենը համպատրաստից է նման հայտարարություն արել: «Փոխնախագահը ցավում է իր արարքի ու նախագահից առաջ ընկնելու համար: Նա չէր ցանկանում առաջ անցնել նախագահից»,- ասել է աղբյուրը:


Մինչ դեմոկրատներն իրենց աջակցությունն են հայտնում միասեռ ամուսնություններին, դրան դեմ են հանրապետականները, որոնք գտնում են, որ նման բան թույլ տալ չի կարելի: Նոյեմբերի 6-ին նշանակված ընտրություններում դեմոկրատ Օբամայի հանրապետական մրցակիցը դառնալու ամենամեծ շանսերն ունի Միթ Ռոմնին: